ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Միասին կլուծենք մանկավարժական կրթության խնդիրները ԱՊՀ-ում». Ա. Լուբկով
26.02.2019
«Միասին կլուծենք մանկավարժական կրթության խնդիրները ԱՊՀ-ում». Ա. Լուբկով

Այսօր ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը մասնակցեց ԱՊՀ մանկավարժական բուհերի հանրային խորհրդի երկրորդ տեսակոնֆերանսին: Կոնֆերանսը վարում էր ԱՊՀ մանկավարժական բուհերի հանրային խորհրդի նախագահ, Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ալեքսեյ Լուբկովը:

Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանում անցկացվող նիստին ներկա էին ԱՊՀ երկրների մի շարք մանկավարժական բուհերի ռեկտորներ: Ռուբեն Միրզախանյանը քննարկմանը մասնակցեց օնլայն՝ տեսակապի միջոցով: Նախորդ նիստի ժամանակ քննարկված խնդիրներն այսօր ներկայացվեցին ավելի մանրամասն և բովանդակային: Դրանք առնչվում էին մանկավարժական կրթության ընդհանուր ռազմավարությանը, առաջիկա տարիների անելիքներին, միջբուհական համագործակցության խորացմանը և այլ առանցքային խնդիրների:

Ալեքսեյ Լուբկովն ընդգծեց, որ չնայած ազգային և պատմամշակութային տարբերություններին, ԱՊՀ երկրների համար մանկավարժական կրթության խնդիրները նույնաբովանդակ են. «Բոլորս մանկավարժ ենք և պատրաստում ենք մանկավարժներ. մենք պատասխանատու ենք ոչ միայն հանրության առջև, այլև՝ ապագայի»:

Նա նկատեց, որ ԱՊՀ մանկավարժական բուհերի հանրային խորհրդի անդամ 60 բուհերի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության շնորհիվ հնարավոր է նպաստել ազգային մանկավարժական կրթության զարգացմանը: Ելույթ ունեցողները կարևորեցին այն հարթակը, որը ղեկավարում է Ռուսաստանի ամենախոշոր մանկավարժական բուհը, և հենց այս հարթակում հնարավոր է միասնական լուծումներ գտնել հետխորհրդային երկրներում մանկավարժական կրթության զարգացման համար:

Առարկայական քննարկվեց նախորդ կոնֆերանսի ժամանակ Ռուբեն Միրզախանյանի՝ սպորտային մրցաշարեր կազմակերպելու վերաբերյալ առաջարկը․ Ալմաթի մանկավարժական համալսարանի ռեկտորը տեղեկացրեց, որ իրենք պատրաստ են վոլեյբոլի, շախմատի և այլ մրցաշարեր կազմակերպել ու անցկացնել Ղազախստանում: Նա նաև առաջարկեց մայիսին անցկացնել երիտասարդ գիտնականների կոնֆերանս, իսկ մինչ այդ՝ մարտ-ապրիլ ամիսներին երիտասարդ գիտնականների մրցույթ, որի հաղթողները կմասնակցեն մայիսյան կոնֆերանսին: Խնդիրը մասնակի ֆինանսավորման հետ էր կապված. ղազախական կողմը կհոգա կոնֆերանսի անցկացման ծախսերը, իսկ մասնակիցների՝ Ալմաթի հասնելու խնդիրը կքննարկվի հաջորդ տեսակոնֆերանսի ժամանակ:

Ռուբեն Միրզախանյանը ևս ընդգծեց նման կոնֆերանսների անցկացման կարևորությունը, հավանություն տվեց Հանրային խորհրդի՝ միասնական ռազմավարության և հետագա համագործակցության խորացման վերաբերյալ առաջարկներին, և շնորհակալություն հայտնեց ղազախ գործընկերոջը՝ մարզական մրցաշարերի մասին իր առաջարկն ընդունելու և դրա իրականացմանն աջակցելու ցանկության համար: