Մեկնարկեց Հայկական պետական մանկավարժական և Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական համալսարանների կազմակերպած «Շախմատը կրթության մեջ՝ որպես ընդհանուր զարգացման ռեսուրս» խորագրով միջազգային առցանց գիտաժողովը։
Գիտական շրջանակների ուշադրության կենտրոնում էին շախմատի դասավանդման մեթոդներն ու տեխնոլոգիաները, շախմատը որպես ընդանուր զարգացման գործիք, շախմատի դասավանդման ոլորտում փորձի փոխանակումը և այլն։
Գիտաժողովին միացել էին 100-ից ավելի մասնակից աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ Հայաստան, ՌԴ, Վրաստան, Ղազախստան, Թուրքմենստան, Ուզբեկստան, Բելառուս:
Առցանց գիտաժողովը վարում էր հայտնի շախմատային մեկնաբան Եվգենի Աթարովը, որն այս օրերին գտնվում է Հայաստանում` ՀՊՄՀ-ում։
Պլենար նիստում գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը։ Նա կարևորեց արտասահմանյան գործընկերների մասնակցությունը՝ ընդգծելով, որ դա մեկ անգամ ևս փաստում է, որ անտարբեր չեն կրթական համակարգում շախմատի ապագայի հանդեպ․ առկա է երկուստեք մասնագիտական հետաքրքրություն, շախմատի միջոցով բանիմաց և բազմակողմանի զարգացած սերունդ կրթելու առաջնահերթություն։
Ռեկտորը կարևորեց գիտաժողովում քննարկվող հիմնահարցերը և հույս հայտնեց, որ դրանք կօգնեն շտկումներ կատարել դասավանդման մեթոդիկայում, հոգեբանամանկավարժական տեսական հիմքերում։
Սրբուհի Գևորգյանը հույս հայտնեց, որ գիտաժողովում առաջարկվող մոտեցումները կկիրառվեն կրթական գործընթացներում։
Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական համալսարանի նախագահ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիտալի Ռուբցովը ելույթում նշեց, որ չնայած շախմատը որպես պարտադիր առարկա վաղուց է ներառվել դպրոցում, բայց մասնագիտական շրջանակներն այսօր էլ բարձրացնում են հարցը, թե ի՞նչ չափաբաժնով և ինչու՞ է այն անհրաժեշտ կրթության ոլորտում։
Վիտալի Ռուբցովը նկատում է՝ խորագիրն արդեն իսկ հուշում է․ շախմատը, նախ և առաջ, ընդհանուր զարգացման ռեսուրս է, իսկ գիտաժողովն իր առջև խնդիր է դրել բացահայտելու՝ ինչպիսին է կրթական շախմատի ազդեցությունը, դիագնոստիկ և պրակտիկ կիրառության արդյունավետությունը տարբեր տարիքային խմբերի վրա, այդ թվում՝ նրանց ինտելեկտուալ զարգացման գործում։
Շախմատի ակադեմիայի նախագահ, ՀՊՄՀ «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանն էլ նկատում է՝ կրթության ոլորտում փոփոխություներն արագ են կատարվում․թեպետ շախմատ առարկայի, դրա կարևորության մասին քննարկումները նոր են, սակայն կան շատ հարցեր, որ հետաքրքրում են աշխարհին, իսկ դրանց պատասխանները կարող են տալ նման գիտաժողովները։
Սմբատ Լպուտյանը հավելում է՝ կրթական շախմատում 16 տարվա փորձառությունը թույլ է տալիս պնդել, որ այն կարևոր է, անհրաժեշտ և արդյունավետ ապագայի համար․«Այսօր շախմատն էլ ավելի է կարևորվում․ այն ամենուր է՝ նախադպրոցական կրթական հաստատությունից մինչև բուհ։ Վստահ եմ, որ մարդիկ ապագայում կգնահատեն ոլորտը զարգացնելու մեր ջանքերը»։
Գիտաժողի աշխատանքները շարունակվեցին զեկույցներով։
«ՀՀ կրթական համակարգում «Շախմատ» առարկայի դասավանդման հետազոտության մասին» զեկույցը ներակայացրեց ՀՊՄՀ Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը։
Պրոռեկտորն անդրադարձավ ՀՀ դպրոցներում «Շախմատ» առարկայի դասավանդմանը, վերապատրաստումներին, ինչպես նաև 2012 թվականից ՀՊՄՀ-ում ուսուցանվող «Շախմատի դասավանդման տեսություն ու պրակտիկա» առարկայի շրջանակներում կատարված հետազոտությանը․«Վերանայվել է առարկայի յուրացման կրթական արդյունքներն ապահովող մեթոդական բաղադրիչը, մշակվել են ուսումնական պրոցեսում արդյունավետ անհատական և խմբային մեթոդների ներդրման հետ կապված մի շարք առաջարկներ»,-նշեց Մարիամ Իսպիրյանն ու անդրադարձավ շախմատային հմտությունների և անձնային հոգեբանական առանձնահատկությունների միջև կապին։
Գիտաժողովի զեկույցներում ներկայացվեցին «Շախմատը ընդհանուր զարգացման համար» նախագծի հոգեբանախտորոշիչ աջակցության համակարգի զարգացման պատմությունը, նշանակությունը, դպրոցում շախմատի դասավանդման արդյունավետության կանխորոշիչ գնահատման հավանական գործիքակազմը, «դասական» և «խաղային» խմբերում շախմատի դասավանդման արդյունավետությունը։
Մասանակիցներն իրենց ելույթներում անդրադարձան նաև շախմատի ուսումնասիրման համատեքստում աշակերտների աշխատունակության դրսևորման առանձնահատկություններին, 21-րդ դարի հմտությունների վրա ուսուցման ազդեցությանը, Հայաստանում մշակված նախադպրոցական շախմատային նախագծերին և այլն։
Գիտաժողովն ընթացավ տեսանյութերի դիտմամբ, մասնագիտական ոլորտի ներկայացուցիչների ակտիվ մասնակցությամբ և ամփոփվեց կլոր սեղան-քննարկումով։