ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Միջազգային երկօրյա կոնֆերանս. քննարկվեցին շախմատի տեսական և գիտական հիմնահարցեր
03.10.2016
Միջազգային երկօրյա կոնֆերանս. քննարկվեցին շախմատի տեսական և գիտական հիմնահարցեր

Հոկտեմբերի 1-2-ը Ծաղկաձորում անցկացվեց «Շախմատային կրթության տեսական և գործնական հիմնահարցերը դպրոցում» խորագրով միջազգային 2-րդ կոնֆերանսը, որը կազմակերպել էին Հայաստանի շախմատի ակադեմիան և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը՝ Մանկավարժական համալսարանի, Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի(FIDE) և Հայաստանի շախմատային ֆեդերացիայի աջակցությամբ:

Կոնֆերանսին ներկա էին ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, Եվրոպայի շախմատի միության նախագահ Զուրաբ Ազմայպարաշվիլին, շախմատի հայաստանյան փորձով հետաքրքրված շուրջ 20 երկրի 50 ներկայացուցիչներ:

Բացման խոսքում ՀՊՄՀ-ի Շախմատի և սպորտի ամբիոնի վարիչ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, շախմատի ակադեմիայի հիմնադիր նախագահ Սմբատ Լպուտյանն ընդգծեց, որ շախմատի հայկական փորձը հետաքրքրել է ամբողջ աշխարհին և կոնֆերանսի մասնակից երկրները ցանկություն ունեն այն կիրառել իրենց երկրներում:

Սմբատ Լպուտյանը հույս հայտնեց, որ կոնֆերանսի ընթացքում հոգեբանները, սոցիոլոգներն ու մանկավարժները կներկայացնեն իրենց դիտարկումները և միջազգային կոնֆերանսի 2-րդ անգամ անցկացնելը պայմանավորեց Մանկավարժական համալսարանում Շախմատի կրթական հետազոտությունների լաբորատորիայի ստեղծմամբ. անհրաժեշտություն կա տարածել լաբորատորիայի կատարած աշխատանքների և հետազոտությունների արդյունքները:

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը կարևորեց բուհի և գործընկերների համատեղ աշխատանքը՝ շախմատային ձեռքբերումները համարելով միասնական աշխատանքի արգասիք: Ռեկտորը ներկայացրեց նաև կրթության ոլորտում շախմատի մասսայականացման ու տարածման ուղղությամբ Մանկավարժական համալսարանի Շախմատի և սպորտի ամբիոնի և Շախմատի կրթական հետազոտությունների լաբորատորիայի աշխատանքներն ու ձեռքբերումները:

Երկօրյա կենֆերանսի ընթացքում ՀՊՄՀ-ի դասախոսները ու Շախմատի կրթական հետազոտությունների լաբորատորիայի գիտաշխատողներն իրենց զեկույցներում ներկայացրին կենտրոնի երկամյա գործունեության, հետազոտական աշխատանքների, ուսումնասիրությունների արդյունքները, ամբիոնի կողմից իրականացվող աշխատանքները, ինչպես նաև շախմատի դասավանդման արդյունավետության վերլուծությունները, ներառական կրթության համակարգում առարկայի ուսուցման խնդիրները:

Հատկանշական է, որ երկօրյա գիտաժողովի բոլոր քննարկումների ընթացքում Մանկավարժական համալսարանը Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի(FIDE) և եվրոպական գործընկերների կողմից դիտվում էր շատ կարևոր գործընկեր. յուրաքանչյուր հիմնախնդրի լուծման համար ցանկություն կար հաշվի առնել հատկապես ՀՊՄՀ-ի կարծիքն ու փորձը: Արտասահմանյան գործընկերներն իրենց խոսքում ընդգծեցին, որ Մանկավարժականն աշխարհի միակ բուհն է, որ առավելագույնս խորացել է շախմատի դասավանդման հիմնախնդիրներում:

«Ցանկացողների համար մեր փորձն իսկական ուղենիշ է, քանի որ երկու օրերի ընթացքում ներկայացվեցին կոնկրետ տվյալներ, դեպքեր, օրինակներ, մարզերում և մայրաքաղաքում իրականացված լայնածավալ հետազոտությունների արդյունքներ»,- aspu.am-ի հետ զրույցում նշեց «Շախմատի կրթական հետազոտությունների լաբորատորիա» հետազոտական ծրագրի ղեկավար Վահան Սարգսյանն ու հավելեց, որ ձեռք բերվեցին հետազոտությունների մասսայականացման, դրանք հրատարակելու կոնկրետ պայմանավորվածություններ:

Վահան Սարգսյանը հավելեց նաև, որ եվրոպական տարբեր խմբեր խոստացել են մոտ ժամանակներում համատեղ հետազոտություններ իրականացնել միջազգային հարթակներում՝ հաշվի առնելու ուսուցիչների պատրաստման և բարձրագույն կրթական ոլորտում շախմատը ներդնելու հայաստանյան փորձը: Առաջարկներ եղան զեկույցներով հանդես գալ միջազգային կոնֆերանսներում և գիտական այլ ձեռնարկներում, ինչպես նաև դուրս գալ տպագրական միջազգային հարթակ: