ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Միջազգային գիտաժողով
05.05.2018
Միջազգային գիտաժողով

ՀՊՄՀ-ում անցկացվեց Հայաստանի առաջին հանրապետության 100-րդ տարեդարձին նվիրված միջազգային գիտաժողով:

Պատմության և իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ արդեն 3-րդ անգամ անցկացվող «Ազգ, պետություն, հայրենիք. պետականության գաղափարը» խորագրով գիտաժողովին մասնակցում էին ներկայացուցիչներ Ռուսաստանից, Գերմանիայից, Իսպանիայից, Լեհաստանից, ինչպես նաև Մանկավարժականի տարբեր ֆակուլտետների ուսանողներ, դասախոսներ:

Պատմություն, քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ, իրավագիտություն, հոգեբանություն, սոցիոլոգիա. սրանք գիտաժողովի այն ուղղություններն էին, որոնց շուրջ հայ և արտասահմանցի մասնակիցներն հանդես եկան զեկույցներով: «Հայոց պատմություն» մասնաճյուղում նրանք անդրադարձան Հայաստանի անկախության գաղափարին, հայոց պետականության դրսևորումների առաջացման և գոյատևման հանգամանքներին, Ցեղասպանության հոգեբանական հետևանքներին, նժդեհյան գաղափարախոսության սկզբնավորմանը և այլն, իսկ «Համաշխարհային պատմություն» մասնաճյուղում՝ համաշխարհային պատմության մեջ նշանակության ունեցող բազմաթիվ թեմաների:

ՀՊՄՀ-ի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանն նկատեց, որ տարեցտարի մեծանում է գիտաժողովի մասնակիցների թիվը, ինչն էականորեն նպաստում է հայագիտական մտքի զարգացմանը:

Պրոռեկտորը կարևորեց նաև գիտաժողովին ուսանողների մասնակցությունը և ընդգծեց, որ այն կարող է նորագույն շրջանի դրսևորումների վերաբերյալ քննարկումների իրական հարթակ հանդիսանալ, ինչպես նաև նպաստի փորձի փոխանակմանը, միջազգային նոր կապերի ստեղծմանը:

Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանն էլ հավելեց, որ ավանդական դարձած գիտաժողովը առիթ է տեղի և արտասահմանցի գործընկերների հետ ամփոփելու գիտակրթական շրջանակներում ունեցած ձեռքբերումներն ու արդյունքները: Նա կարևորեց նաև այն, որ ապագա պատմաբանները, իրավագետներն ու հասարակագետները նման ձեռնարկներով կկարողանան առաջ մղել հումանիտար գիտական միտքը:

Գիտաժողովի արտասահմանցի մասնակիցներին հյուրընկալեց Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը: Վերջինս հյուրերին ներկայացրեց բուհը, անդրադարձավ միջազգային համագործակցության կարևորությունը և ընդգծեց, որ պատրաստ են ընդլայնել կապերը՝ նոր հնարավորություններ ստեղծելով բուհի դասախոսների և ապագա մանկավարժների համար:

Իսպանիայի Կարունայի համալսարանի ներկայացուցիչները հավելեցին, որ իրենց բուհում ուսանում են բազմաթիվ հայ ուսանողներ և իրենք հետաքրքրված են նաև Մանկավարժական համալսարանի հետ համագործակցությամբ, մասնավորապես՝ մագիստրոսական աշխատանքները համատեղ երկու ղեկավար ունենալու հանգամանքով:

ՀՊՄՀ-ի ռեկտորը հավելեց, որ նման հաջողված փորձ արդեն կա բուհի գիտական կյանքում և անդրադարձավ այլ գիտական նվաճումների ևս՝ ընդգծելով, որ փորձ է արվում համալսարանին տալ նաև հետազոտական ուղղություն: