ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

10:00

Հոկտեմբեր 24
2019
Մանկավարժական համալսարան
Միջազգային եռօրյա գիտաժողով՝ «Կայսրությունների փլուզումը XX դարում. նոր պետություններ և նոր ինքնություններ»

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի և Ֆրանսիայի Լիլի համալսարանի օտար քաղաքակրթությունների, լեզուների և գրականության կենտրոն - CECILLE նախաձեռնությամբ կկայանա «Կայսրությունների  փլուզումը XX դարում.  նոր պետություններ և նոր ինքնություններ» (Անցյալի վերանայումը նոր ինքնությունների ստեղծման և ազգային պատմությունների վերընթերցման լույսի ներքո) խորագրով միջազգային գիտաժողո(հոկտեմբերի 24-26-ը):

Գիտաժողովի նպատակն է քննարկել նոր պետությունների կազմավորման մշակութային և քաղաքական հիմքերը, հասկանալ, թե ինչպես են կայացել ազգային պետությունները: Այս զարգացումներն անքակտելիորեն կապված են պատմական անցյալի նոր մեկնաբանության հետ: Դրանք շատ հաճախ ուղղորդված են դեպի էթնոցենտրիզմն իր տարբեր դրսևորումներով: Նոր ազգային պետությունների ստեղծման գործընթացների ժամանակ անհրաժեշտ է նաև հաշվի առնել ազգային և ազգայնական շարժումների ուղղորդումն իշխանությունների կողմից, ովքեր հաճախ օգտագործում են աջ ծայրահեղական գաղափարներ՝ ժողովրդի համակրանքը շահելու և նրան համախմբելու ակնկալիքով:
Գիտաժողովի նպատակներից է քննարկել.
• Ինչպե՞ս են պատմագիտության մեջ ներկայացվել կայսրական/գաղութային անցյալի հետ կապերը:
• Մի՞շտ են, արդյոք, դրանք արտահայտվում «ազգային պատմությունն ընդդեմ կայսերական պատմության» բանաձևի միջոցով:
• Ի՞նչ աստիճանի են դրանք փոփոխված կամ խեղաթյուրված:
• Որքանո՞վ է պատմական անցյալի նկատմամբ նոր մոտեցումը դառնում նորաստեղծ ազգերի համախմբման կամ ներքին բաժանման տարր:
• Ազգային պատմագրության զարգացումը բնութագրող հիմնական միտումները:
• Ազգային և կայսերական պատմությունների վերանայումը, նրանց ազգայնացումն ու քաղաքականացումը, տարբեր ավանդույթների և նոր ազգային առասպելների ձևավորումը:
• Հետգաղութային/հետկայսրական հասարակություններում անցյալի և ժամանակակից պատմությունների մեկնաբանման նոր մոտեցումները, անցյալի էթնոհերոսացումը և պատմական հիշողությունների համար պայքարը :

Այս խնդիրներով հետաքրքրվող մասնագետներին հրավիրում ենք միանալու գիտաժողովի աշխատանքներին: Մինչև 300 բառից կազմված ներածությունը անգլերենով կամ ֆրանսերենով, ինչպես նաև հայտատուի համառոտ CV-ն մինչև 2019 թ. օգոստոսի 15-ը անհրաժեշտ է ուղարկել Սամվել Պողոսյանին (poghosyansamvel@yahoo.com) կամ Գարիկ Գալստյանին (garik.galstyan@univ-lille.fr):

Գիտաժողովի կազմկոմիտեն կհաստատի կամ կմերժի մասնակցության հայտը մինչև 2019 թ. սեպտեմբերի 1-ը: Զեկուցումները կարող են ներկայացվել հայերեն, ֆրանսերեն, անգլերեն կամ ռուսերեն: Գրանցման վերջնաժամկետը 2019 թ. սեպտեմբերի 30-ն է: Մասնակիցները ինքնուրույն պետք է հոգան կեցության և ճանապարհի ծախսերը: Հոդվածները պետք է ներկայացվեն անգլերենով կամ ֆրանսերենով, վերջնաժամկետը՝ 2019թ. դեկտեմբերի 30-ն է:
Գիտաժողովի գիտական կոմիտեի կողմից հաստատված հոդվածները կհրատարակվեն:

 

Նորություններ