ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Միջազգային գիտաժողով` «Կյանքը և վեպի ընդգրկումները. ազդեցություններ և ուղենիշներ»
27.05.2021
Միջազգային գիտաժողով` «Կյանքը և վեպի ընդգրկումները. ազդեցություններ և ուղենիշներ»

Կայացավ «Կյանքը և վեպի ընդգրկումները. ազդեցություններ և ուղենիշներ» խորագրով միջազգային առցանց գիտաժողով: Այն կազմակերպել էին ՀՊՄՀ Վաչե Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնն ու «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնը: Միջազգային գիտաժողովին մասնակցում էին գրականագետներ, գիտնականներ ԱՄՆ-ից, Պորտուգալիայից, Ուկրաինայից, Ֆրանսիայից, Լիբանանից, Հայաստանից և Արցախից, այդ թվում նաև՝ ՀՀ-ում Ուկրաինային արտակարգ և լիազոր նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն։  

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը ողջունեց մասնակիցներին` ընդգծելով, որ գիտաժողովն աննախադեպ է. 7 երկրի առաջատար մասնագետներ անդրադառնում են վեպի տեսությանն ու հիմնախնդիրներին, ինչպես նաև ազդեցություններին, զարգացման օրինաչափություններին և ուղենիշներին:

«Վիպագրությունը գոյամարտ է, ժամանակի հորձանքին ու քմայքներին պայքարով ընդառաջ գնալու, ինքնության սկզբունք ու հայացք պաշտպանելու հնարավորություն։ Հայ վիպագրությունը մնում է մեր գրականության ամենադժվարին տեղամասը և չի կարողանում լուծել գրական նյութի ընդգրկման հիմնարար առաջադրությունը։ Ամեն անգամ գայթակղությունը ստանում է որոշակի առարկայացում, և շփոթվում է գլխավորը. մարդու, անհատի ճակատագրի հարցադրումը իր տեղը զիջում է ժողովրդի ողբերգական հավաքականության խորհրդի դիմաց»,-նշեց պրոֆեսոր Դանիելյանն ու հեվելեց, որ Եղեռնի թեման հայ վիպագրության մեջ դարձել է նյութի անցումի գրեթե պարտադիր անկյունագիծ։

ՀՊՄՀ ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը ողջունեց գիտաժողովի մասնակիցներին, ապա անդրադարձավ ժամանակակից գրողների կողմից  այսօրվա հերոսի կերպարի կերտման անհրաժեշտությանը, քանի որ այսօր «ազգային ինքնության վերագտնումի կարիք ունենք»: Կարևորելով հոգեբանական վեպը և միջգիտակարգային վերլուծությունները՝ նա ընդգծեց մերօրյա մարդու մեջ գիտակրթական դաստիարակության և արժեբանության ձևավորման անհրաժեշտությունը: Պրոռեկտոր Գևորգյանը հույս հայտնեց, որ գիտաժողովը կվերհանի քննարկվող թեմային վերաբերող գիտական հիմնախնդիրները և կառաջադրի նոր լուծումներ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը գիտաժողովի մասնակիցներին փոխանցեց Ամենայն  Հայոց Կաթողիկոսի հայրապետական օրհնությունն ու խոսելով գրական կարևոր ժանրերից վեպի մասին` նշեց, որ այն կարևորվում է հատկապես մարդու վրա ունեցած ազդեցությամբ, ապա հավելեց`  19-րդ դարը հայ դասական գրականության ոսկեդարն է:

«Վեպն այսօր պետք է լինի մեր դարի հայելին, վերականգնվի որպես ժանր, իբրև գիրք և առաջնորդի մարդուն իր ողջ կյանքի ընթացքում»,-նշեց Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն ու անդրադարձավ նաև վեպի  լեզվի խնդիրներին` ափսոսանքով նկատելով, որ այսօր այն իջել է պահանջմունքի մակարդակին: Բանախոսը կարևորեց մեր ոսկեղենիկ լեզվի պահպանումը նաև   գրականության միջոցով, ապա առաջ քաշեց վեպի միջոցով ժամանակակից գրականությունը  կերտելու խնդիրը:

Նա այն կարծիքին է, որ ներկայումս մեզ պակասում է  ժամանակի հերոսի կերպարը, որը պետք է դառնա մեր օրերի արժեհամակարգի կրողը, և որին գրողները ստեղծել են նախորդ դարերում: Վերջինս հորդորեց անել հնարավորը ապագա սերնդին գրականությանն ու հատկապես հերոսին մոտեցնելու համար. դրա կարիքն այսօր շատ կա:

«Այս գիտաժողովն ունի առանձնահատուկ նշանակություն, քանի որ անդրադառնում է գրականության տեսության արդիական հարցերին: Վեպի զարգացման ուղղություններն այսօր շատ են կարևորվում. մեր խնդիրը պետք է լինի այն, որ վեպը հարազատ մնա հայրենասիրական դաստիարակությանը»,- նշեց ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, ակադեմիկոս Յուրի Սուվարյանն ու առանձնացրեց մեր արժեհամակարգը պահպանելու և ներկայացնելու  վերաբերյալ իր մտահոգություններն ու դրանց շուրջ գործնական քայլեր ձեռնարկելու անհրաժեշտ ուղիները:

 Լիագումար նիստից հետո գիտաժողովը շարունակվեց երկու մասնախմբերում` «Հայ վիպագրության սահմաններում» և «Գրապատմական և տեսաբանական զուգահեռներում»: