ՀՊՄՀ օտար լեզուների ֆակուլտետի ռոմանագերմանական լեզուների և դրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվել էր միջազգային գիտաժողով։
«Լեզու և հասարակություն» խորագրով գիտաժողովին մասնակցում էին անգլերենի, ռուսերենի և իսպաներենի մասնագետներ Հայաստանից և արտերկրից․ նրանց մի մասը գիտաժողովին մասնակցեց առցանց ձևաչափով։ Մասնակիցներն իրենց մասնագիտական փորձառության տեսանկյունից ներկայացրին լեզվի և հասարակության արդի փոխազդեցության հիմնախնդիրների որոշակի տիրույթ։
Մանրամասն ներկայացվեց լեզվի տեսության, հանրալեզվաբանության, գործաբանական լեզվաբանության, խոսույթի վերլուծության և ոճագիտության, լեզվական համակարգերի փոխազդեցության տեսանկյունից։ Նիստ-քննարկմանը մասնակցում էին տարբեր բուհերի դասախոսներ, որոնք ոլորտի խնդիրներին անդրադարձան գիտական տեսանկյունից, ուղղորդեցին քննարկվող մի շարք հարցերի պատասխաններ գտնելու հարցում։ Գիտաժողովն ընթացավ երկու զուգահեռ նստաշրջանով՝ դասախոսական և ուսանողական, որոնց միացան և զեկուցումներով հանդես եկան մասնակիցներ Ֆինլանդիայից, ՌԴ-ից, Հունաստանից, Իսպանիայից։
Ներկաներին ողջունեց Ռոմանագերմանական ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Միքայելյանը և նշեց, որ գիտաժողովի անցկացման նպատակն է գիտական մակարդակում անդրադառնալ լեզու և հասարակություն՝ միմյանց փոխլրացնող երևույթներին, դիտարկել դրանց միջառարկայական կապը՝ հանրալեզվաբանության, հոգելաեզվաբանության տեսանկյուններից։
Նշենք, որ Ռոմանագերմանական ամբիոնի պրոֆեսոր Ելենա Մխիթարյանի նախաձեռնությամբ կազմակերպված միջազգային գիտաժողովի նյութերը համապատասխան գրախոսումներից հետո կհրապարակվեն էլեկտրոնային ձևաչափով։