Մանկավարժական համալսարանում մեկնարկել է «Հոգեբանական հիմնախնդիրներ. բնութագրերը, դասակարգման և ախտորոշման սկզբունքները» խորագրով միջազգային եռօրյա գիտաժողովը։
Գիտաժողովի առաջին օրը մեկնարկեց կլոր սեղան-քննարկումներով, որի ընթացքում Միացյալ Թագավորությունից, ՌԴ-ից, Ուկրաինայից, Իսրայելից և այլ երկրներից ժամանած հոգեբաններն անդրադարձան հոգեբանության խնդրի էությանը, անձի խնդիրների՝ ախտաբանական, սոցիալ-տնտեսական և այլ տեսակների տարբերակմանը, հոգեբանական խնդիրների դասակարգման անհրաժեշտությանն ու հնարավորությանը, մոդելներին ու տեսակների տարորոշմանը:
Ելույթ ունեցողները հիմնականում պրակտիկ հոգեբաններ էին, հոգեթերապևտներ, որոնք շահագրգիռ քննարկում ծավալեցին հոգեբանական խնդիրների ախտորոշման, ախտանիշների ու համախտանիշների բացահայտման ռազմավարության, հոգեբանական խնդրի լուծումների շուրջ:
Այս տեսանկյունից իրենց մոտեցումները ներկայացրին Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր Դմիտրի Լեոնտևը, Կազանի Հոգեկան առողջության խնդրի ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Մենդելևիչը, Բերգենի համալսարանի պրոֆեսոր Դեւիդ Կուկը, Յարոսլավի Կ. Դ. Ուշինսկու անվան ՊՄՀ-ի ընդհանուր և սոցիալական հոգեբանության ամբիոնի վարիչ Վլադիմիր Մազիլովը և ուրիշներ:
Վերջիններս կարևորեցին հոգեբանական պրոբլեմների քննարկմանն ու դասակարգման համակարգի ստեղծմանը նվիրված գիտաժողովի անցկացումը՝ այդ խնդիրների դասակարգման համակարգի ստեղծման հնարավոր լուծումներ գտնելու Մանկավարժական համալսարանի փորձը համարելով խիզախ քայլ:
«Հոգեբանական խնդրի դասակարգումն անհրաժեշտ է, բայց հազիվ թե հնարավոր է… Ի՞նչ կտա այն մեզ. կտա նոր գործիքներ՝ ճիշտ ախտորոշելու հոգեբանական խնդիրը»,-նշեց Վլադիմիր Մենդելևիչը։
Դեւիդ Կուկի կարծիքով՝ «հոգեբանական խնդրի դասակարգումը մի գործոն է, որը կարող է աջակցել խնդրի բացահայտմանը և ստեղծել հետազոտական բազա, անպայման պետք է բացահայտել, թե ինչ է հոգեբանական խնդիրը և այդ ուղղությամբ շարժվել առաջ»:
Քննարկումների ընթացքում հնչեցին հետաքրքիր մտքեր ու ձևակերպումներ. բանալին ունենք, կողպեքը՝ ոչ, մոտեցումների ու մեթոդների շուրջ հոգեբանների, հոգեթերապևտների ու հոգեբույժների միջև հնարավոր է երկխոսություն, նախ պետք է որոշարկել դասակարգվող և չդասակարգվող խնդիրները, քանի հոգեբան, այնքան ախտորոշում, պետք է հստակեցնել հոգեբանական խնդրի լեզուն և այլն:
Մասնակիցները միակարծիք են՝ կյանքի բոլոր ոլորտներում կան հոգեբանական խնդիրներ․ դրանք շատ յուրօրինակ են, անհատական: Ինչպե՞ս փնտրել խնդիրը՝ ոչ մի գրքում այս մասին գրված չէ, ինչպե՞ս որոշել՝ ո՞րն է խնդիրը, խնդիր կա՞, թե՞ չկա․ մենք սովորում ենք մեթոդները՝ չիմանալով վերոհիշյալ հարցերի պատասխանները…
Ամփոփելով խնդրի շուրջ արտահայտված եզրահանգումները՝ ՀՊՄՀ-ի Հոգեբանության ամբիոնի վարիչ Սամվել Խուդոյանը վստահեցրեց, որ արտահայտված գաղափարների շուրջ կմեկտեղեն բոլոր ջանքերը՝ հոգեբանական խնդիրների դասակարգման, հնարավոր լուծումներ գտնելու համար:
Աշխատանքային առաջին օրվա ավարտին գիտաժողովի մասնակիցներն այցելեցին Խոր Վիրապի վանական համալիր, ծանոթացան 17-րդ դարի ճարտարապետական շինության պատմական նշանակություն: