ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Միջազգային գիտաժողով Մանկավարժականում
19.10.2023
Միջազգային գիտաժողով Մանկավարժականում

Մանկավարժական համալսարանում մեկնարկեց «Անձի հոգեկան առողջությունը․հոգեբուժության և հոգեբանության լեզուները» թեմայով միջազգային եռօրյա գիտաժողովը։

Գիտաժողովը մեկ հարկի ներքո էր համախմբել գիտակարթական ոլորտի առաջատար մասնագետների ՀՀ-ից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իսրայելից, Բրազիլիայից, Վրաստանից։ Նպատակն էր գնահատել, վերլուծել և քննարկել հոգեբանության և հոգեբուժության արդի հիմնախնդիրները, ներկայում հոգեբանության, հոգեբուժության և հոգեթերապիայի փոխազդեցությունը, հոգեվերականգնողական աշխատանքի ժամանակակից մոտեցումները:

Միջազգային գիտաժողովի հանդիսավոր բացմանը մասնակիցներին և ներկաներին ողջունեց ՀՊՄՀ ռեկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը և մաղթեց արդյունավետ աշխատանք։

Ռեկտորը խոստովանեց՝ գիտաժողովն անցկացնելու որոշումը դժվար էր՝ պայմանավորված Արցախի դեպքերով, բայց ձեռնարկը չափազանց կարևոր է․ սա ևս մեկ հնարավորություն է ոչ միայն վերլուծել, այլև ամփոփել ներկա իրողությունների արդյունքները․ «Մեր օրերում անձի հոգեկան առողջությունը գերխնդիր է․ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները ստիպում են վերանայել այն հիմնախնդիրները, որոնց վերաբերյալ դեռևս 60-ական թվականներին հոգեբանները, հոգեբույժները որոշակի թեզիսներ են առաջարկել։ Այսօր, փոխակերպվող հասարակությունում, երբ տեղի են ունենում նաև արժեքների փոփոխություններ, կարևոր է գիտական հանրույթի, այդ թվում՝ համաշխարհային մեծությունների մասնակցությամբ, հարցադրումներ անել, հասկանալ նորմայի, պաթոլոգիայի ճանապարհների խաչման, մարդու ծագումնաբանության և հոգեկանի ռեսուրսների ուղղվածության վերաբերյալ խնդիրները»,-նշեց հոգեբանական գիտությունների դոկտոր Սրբուհի Գևորգյանն ու հույս հայտնեց, որ հայ և օտարազգի մասնագետների համատեղ ջանքերով հնարավորություն կստեղծվի անդրադառնալու վերոնշյալ հարցերին, ձևավորել վեկտոր՝ ճգնաժամային պայմաններում խնդիրների հաղթահարման, ներքին հոգեբանական ռեսուրսները մոբիլիզացնելու, վերարժևորելու համար։

Պրոֆեսոր Գևորգյանը վստահ է՝ գիտաժողովները կարևոր են ոչ միայն խնդիրների լուծման, այլ նաև նոր խնդիրներ ձևակերպելու, գիտական հարթակում նորարարություններով և ձեռքբերումներով շարունակական գործընթաց ապահովելու տեսանկյունից։

Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Ռուզան Պետրոսյանը հույս հայտնեց, որ ֆակուլտետի և Ակադեմիկոս Մկրտիչ Մազմանյանի անվան հոգեբանության ամբիոնի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված գիտապրակտիկ ձեռնարկը բացառիկ և արտասովոր իրադարձություն կլինի բուհի գիտական կյանքում։

Նա կարծում է, որ հասարակական-քաղաքական և սոցիալ-հոգեբանական ներկա բարդ հարաբերությունների պայմաններում էլ ավելի են ընդգծվում հոգեբանական գիտության առջև ծառացած առաջնահերթ հիմնախնդիրները։

Ընդգծում է՝ գիտաժողովը կազմակերպիչների ջանքերի և աշխատանքի արդյունքն է․մասնակիցների թիվը գերազանցում է 60-ը՝ հնարավորություն ընձեռելով ընդունել որոշումներ, քննարկել հոգեբանական ընթացիկ խնդիրները, գտնել լուծումներ, որոնք կարող են ծառայել ապագայի հասարակությանը․«Միջազգային գիտաժաղովը նաև հնարավորություն կտա ամփոփել արդյունքներն ու գնահատել այն մեծ աշխատանքը, որ կատարել են հոգեբանները, հոգեթերապևտները և հոգեբույժները»,-նշեց Ռուզան Պետրոսյանը։

Ներկաներին փոխանցվեց Իսրայելի համալսարանի դոկտոր, հոգեբույժ և անկախ հետազոտող Իոսիֆ Զիսլինի ուղերձը, որում նա նաև ափսոսանք էր հայտնում հայտնի պատճառներով գիտաժողովին մասնակցել չկարողանալու կապակցությամբ, իսկ խոսքը կառուցել էր Նարեկացուց մեջբերումներով։

Մոսկվայի պետական համալսարանի վաստակավոր պրոֆեսոր, Ռուսաստանի կրթության ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Ասմոլովն, իր «Գյոդելի սկզբունքը և Բաբելոնյան աշտարակի էֆեկտը. հոգեբանության և հոգեբուժության կողմից մարդաբանական թարգմանություն որոնելիս» թեմայով զեկույցը ներկայացնելիս՝ անդրադարձավ մարդկության երեք հիմնական ճգնաժամերին՝ հասկացվածության, վստահության և մտքի՝ նկատելով՝ մարդկության գլխավոր վախն այսօր ոչ թե մահվան, այլ կյանքի իմաստը կորցնելու մեջ է։

Ակադեմիկոս Ասմոլովը նկատում է՝ մի կողմից հոգեբանները, հոգեբույժները, հոգեթերապևտները միմյանց չեն հասկանում, մյուս կողմից նրանք չեն կարող «ապրել» առանց իրար․«Չափազանց կարևոր է հասկանալ միմյանց, գտնել ճանապարհը ոչ միայն դեպի մարդկային գիտակցություն, այլև հոգին, հակառակ պարագայում կհայտնվենք ժամանակակից գիտությունների կարգավիճակում՝ բաբելոնյան ճգնաժամում։ Գիտաժողովի նպատակը չափազանց ունիկալ է, մենք պետք է «գրկենք անգրկելին» և լսենք իրար» ։

Մոսկվայի Ազգային հետազոտական համալսարանի պրոֆեսոր Դմիտրի Լեոնտևը «Հիվանդության հոգեբանությունից դեպի առողջության հոգեբանություն․ դրական վերաուղղվածություն» թեմայով զեկույցում ներկայացրեց ոլորտի առաջատար մասնագետների տեսությունները։

Հարցադրմանը՝ ի՞նչ է առողջությունը, ո՞րն է նորման, պրոֆեսորը նկատում է՝ տարբեր կարծիքներ կան՝ վիճակագրական մոտեցում, սոցիալական և ֆունկցիոնալ։ Նա իր ելույթում ներկայացրեց անվանի հոգեբանների տեսակետները՝ դրական հոգեկան առողջության, ընդհանուր մոտեցման, չափանիշների և հայցեկարգի վերաբերյալ։

«Շիզոֆրենիայի ախտորոշման դեպքում գործածվող մի շարք տերիմինների «իմաստային դատարկությունը»» թեման գիտաժողովում ներկայացրեց Կազանի պետական բժշկական համալսարանի պրոֆեսոր Վլադիմիր Մենդելևիչը։

Ինչո՞ւ են հոգեբույժներն այդքան հեշտությամբ ախտորոշում շիզոֆրենիան, ինչու՞ են երկիմաստ տերմիններ օգտագործվում այն ախտորոշելիս, ինչո՞ւ են ախտորոշիչ կասկածները մեկնաբանվում հօգուտ ախտորոշման, այլ ոչ՝ հիվանդի․ պրոֆեսոր Մենդելևիչը նկատում է՝ կամ պետք է վերանվանել, կամ մշակել շիզոֆրենիայի հստակ ախտորոշիչ չափանիշներ։

Նա իր ելույթում խոսեց նաև շիզոֆրենիա գերախտորոշման պատճառների մասին, համեմատական վերլուծություն կատարեց անցյալում և այսօր շիզոֆրենիայի ախտորոշման մեջ ճանաչողական աղավաղումների վերաբերյալ, անդրադարձավ հոգեախտաբանական ախտանիշի հայեցակարգին և այլն։

Հայ և օտարազգի հոգեբաններն անդրադարձան հնագույն Բոն ուսմունքում անձի ամբողջականության հիմնախնդրին և ժամանակակից հոգեթերապիայում դրա բեկմանը, թերապևտիկ երկխոսությանը, հոգեբուժության և հոգեբանության հանգուցակետերին ու անհամապատասխանություններին, հոգեբուժության կոգնիտիվ տեսությանն ու տերմինաբանությանը և այլն։

Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն նաև վաղը՝ մասնաճյուղերում, և հաջորդ օրը։