Մանկավարժական համալսարանում մեկնարկեց «Կյանքը և փիլիսոփայությունը» թեմայով միջազգային երկօրյա գիտաժողով՝ նվիրված ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի ծննդյան 90-ամյակին:
ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը բարձր գնահատեց գիտնական-փիլիսոփայի ավանդը ինչպես համալսարանում, այնպես էլ փիլիսոփայական գիտության մեջ. «Մեծանուն գիտնականի 5 տարվա գործունեությունը սերտորեն կապված է Մանկավարժական համալսարանի հետ, ինչը նոր նվաճումներ բերեց նրան մանկավարժական գործունեության և գիտական ասպարեզում»:
Ներկայացնելով Գեորգ Բրուտյանի գիտական նախաձեռնությունները՝ ինստիտուտի հիմնումից մինչև միջազգային գիտաժողովների կազմակերպում, ռեկտորն հատկապես առանձնացրեց «Իմաստություն» գիտական հանդեսի ստեղծումը, որը վերջերս գրանցվել է միջազգային գիտաչափական շտեմարաններում. «Այն մեծ ձեռքբերում է ոչ միայն բուհի, այլև մեր երկրի համար, քանի որ հումանիտար ասպարեզում կա ընդամենը 2 նման ամսագիր»:
ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը կարևորեց համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականին պատվելու համար կազմակերպված միջազգային գիտաժողովը՝ նշելով. «Պետությունները գոյատևում և հասարակությունները զարգանում են կոնկրետ մարդկանց շնորհիվ, որոնք տարբեր ոլորտներում ստանձնում են առաջնորդի դերը: Ողջ աշխարհում փիլիսոփայական միտքը կարևոր է երկրի, ժողովրդի տեսակետների պահպանման համար»:
Նախարարն ընդգծեց, որ աշխարհի շատ ժողովուրդներ իրենց աշխարհընկալումը ձևավորում են փիլիսոփայության դպրոցների միջոցով, ինչը հայերը ձեռք են բերել դեռևս 5-րդ դարից. ավանդույթները, որոնք ձևավորել են հայ փիլիսոփայական միտքը, շարունակվել են խորհրդային և նաև այն ավանդը, որը ձևավորվել է Բրուտյանի շնորհիվ:
Նախարարը վստահեցրեց՝ աշխարհի տարբեր երկրներից գիտնականի աշակերտների մասնակցությունը գիտաժողովին փաստում են, որ քաղաքակիրթ աշխարհում ունենք մեր ուրույն փիլիսոփայական դպրոցը:
«Նա ապրեց մեծ, երկար, լեցուն ու հաջողված կյանք, քանի որ կարողացավ զբաղվել իր սիրելի գործով և ստեղծել դպրոց, որի նվաճումները հայտնի են ողջ աշխարհում: Նա շատ էր կարևորում, որ իր դպրոցի գիտական նվաճումները դուրս գան հայրենիքի սահմաններից և ներկայացվեն միջազգային հանրության դատին ու գնահատականին»,-նշեց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ու կարևորեց Գեորգ Բրուտյանի գործունեությունը ոչ միայն որպես փիլիսոփայի, այլև մանկավարժ ու հետազոտողի:
Ինսբրուքի համալսարանի պրոֆեսոր, ակադեմիկոս Հանս Կյոխլերը ներկայացրեց «Փիլիսոփայություն և ժողովրդավարական նախապաշարմունք» թեմայով դասախոսությունը:
Անդրադարձ կատարելով Իմանուիլ Կանտի և Ժան Ժակ Ռուսոյի փիլիսոփայական ուսմունքներին՝ բանախոսն ընդգծեց, որ մարդու կամքը չի կարող գործադրվել հատուկ իշխանություն ունեցող մարդկանց կողմից, և իրականության մեջ գոյություն ունեն մեծաթիվ մարդիկ, որոնք ունեն ուժեղ կամք և ստեղծում են ժողովրդավարություն. «Քաղաքացիների կամքը ժողովրդավարական կամքի աղբյուր է և պետք է ներկայացվի որպես օրենքի աղբյուր»:
Իոաննիայի համալսարանի պրոֆեսոր, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Ջորջիա Ապոստոպոլուն նախ նշեց, որ Գեորգ Բրուտյանի փիլիսոփայական աշխատանքը երկխոսություն էր մարդկության և մշակույթների միջև, ապա հավելեց, որ դա ճիշտ ճանապարհն է գիտության աշխարհում հայեցակարգային վերլուծություններ անելու համար: Ակադեմիկոսն իր զեկույցում ներկայացրեց Արիստոտելի Նիկոմախյան բարոյագիտության մեջ նախասկզբնական մարդաբանությունը:
«Փիլիսոփայությունը փորձ է, որ սկսում է փորձից և փորձի գաղափարից: Պետք է սկսել փիլիսոփայության պատմության ավանդույթներից, քննադատել դրանք, մաքրել և ընդլայնել»,-նշեց Հարավային Կոնեկտիկուտի համալսարանի փիլիսոփայական բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Արմեն Տ. Մարսուպեանն ու հավելեց, որ փիլիսոփայության պատմությունը օգտակար է, որը պետք է ծառայի որպես գործիք փիլիսոփայության ոգին խոցելու և անցնելու համար:
Փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնն այսուհետ կկրի մեծ գիտնական, փիլիսոփա Գեորգ Աբելի Բրուտյանի անունը: Այսօր ամբիոնում ցուցադրված էին նրա համաշխարհային գնահատականը արտացոլող պարգևներն ու գիտական ժառանգությունը:
Փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի վարիչ Հասմիկ Հովհաննիսյանը մեծ պատիվ համարեց իր ղեկավարած կառույցը ակադեմիկս Գեորգ Բրուտյանին անունով վերանվանելը՝ ընդգծելով, որ դրա համար կան մի քանի շարժառիթներ.«Ամբիոնի ստեղծման օրվանից կառույցում աշխատել են բացառապես նրա՝ ամենատարբեր սերունդների աշակերտները, ովքեր շարունակում են գիտակազմակերպչական և ուսումնամեթոդական այն աշխատանքները, որոնց հիմքը դրել էր ակադեմիկոսը: Ամբիոնն իր համար այսօր էլ որպես գիտական ուղղություններ ներառել է Բրուտյանի հայեցակարգերում ընդգրկված խնդիրները»:
Ամբիոնի վարիչը, պատահական չհամարեց նաև առաջին հայացքից ընդհանուր թվացող գիտաժողովի՝ «Կյանքը և փիլիսոփայությունը» խորագրի ընտրությունը՝ նկատելով, որ Բրուտյանի մուտքը համաշխարհային փիլիսոփայական աշխարհ նշանավորվել է համանուն խորագրի մենագրությամբ:
«Մեծ պատիվ է գտնվել անվանակոչության հանդիսավոր արարաղությանը. շարունակում եմ հուզմունքով հիշել ակադեմիկոսի հետ բոլոր հանդիպումները, զրույցները, որոնցից մեկը վերաբերվում էր Միջազգային փիլիսոփայական ակադեմիայի հիմնադրման հիմնական սկզբունքներին»,-նշեցԻնսբրուքի համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր, Միջազգային առաջընթաց կազմակերպությաննախագահ, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի համանախագահ Հանս Կյոխլերը:
Պրոֆեսորը նկատեց, որ Գեորգ Բրուտյանն այցելել և դասախոսությամբ հանդես է եկել իր հարազատ՝ Ինսբրուքի համալսարանում, որտեղ փիլիսոփայական հանրության կողմից արժանացել է ջերմ ընդունելության և բարձր գնահատականի:
Հանս Կյոխլերը հիացմունքով ընդգծեց նաև ակադեմիկոսի մեծ նվիրվածությունը փիլիսոփայությանն ու այն լավագույն արժեքների ներդրմանը, որի արդյունքում պետք է հաստատել՝ փիլիսոփայության դերն ու քաղաքական ոլորտում տեղի ունեցող փիլիսոփայական ըմբռնումները վերաիմաստավորվեցին:
Գիտաժողովը շարունակվեց զուգահեռ 5 մասնաճյուղերի աշխատանքով: