ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Միջազգային գիտաժողով՝ նվիրված Ներսիսյան դպրոցի հիմնադրման 200-ամյակին
17.10.2024
Միջազգային գիտաժողով՝ նվիրված Ներսիսյան դպրոցի հիմնադրման 200-ամյակին

Մանկավարժական համալսարանում մեկնարկեց ՀՊՄՀ-ի և Կովկաս համալսարանի (Թբիլիսի) նախաձեռնությամբ անցկացվող «Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և նրա դերը Կովկասի կրթական կյանքում» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը՝ նվիրված Ներսիսյան դպրոցի հիմնադրման 200-ամյակին:

Ձեռնարկի նպատակն էր անդրադառնալ Ներսիսյան դպրոցի, հայության կրթամշակութային կյանքի, հայ-վրացական հարաբերությունների պատմությանը։ Ներկա էր Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ՀՀ-ում Վրաստանի դեսպանորդ Գիորգի Չխեիձեն, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, կրթական կառույցների ներկայացուցիչներ Հայաստանից, Հունգարիայից, Վրաստանից, Ռուսաստանից։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորեց Ներսիսյան հոգևոր դպրոցի 200-ամյակի առիթիվ կազմակերպված տարատեսակ միջոցառումներն ու այդ համատեքստում ընդգծեց գիտաժողովի կարևորությունը՝ համալսարաններում գիտական, հետազոտական բաղադրիչն ակտիվացնելու տեսանկյունից․ «Առանձնահատուկ կարևորում եմ, որ Մանկավարժական համալսարանում կրթական ոլորտի հետազոտությունները, կրթության մասին քննական խոսակցությունը դառնան մեր առօրյայի անբաժանելի մաս։ Խորապես համոզված եմ՝ մենք մեր կրթությամբ, սեփական ավանդույթներից և պատմությունից սովորելու շատ բան ունենք։ Այդ իմաստով նման գիտաժողովներն ու ապագա մանկավարժների դասընթացներում, կրթական ծրագրերում վերլուծական և քննական հայացքները պարտադիր են այսօրվա մարտահրավերներին պատրաստ կրթության մասնագետներ և ուսուցիչներ ունենալու համար»,-նշեց Ժաննա Անդրեասյանն ու անդրադարձավ Ներսիսյան դպրոցի սաներից մեկին՝ Ղազարոս Աղայանին, որի հետ նաև ազգակցական կապ ունի․ «Ղազարոս Աղայանի քննադատությունները ժամանակակից դպրոցի մասին տեղին է նաև այսօր։ Նա խնդրահարույց էր համարում դպրոցի և կյանքի միջև կապը․ այն, ինչ սովորում ենք դպրոցում, հերքվում է կյանքում։ Մենք պետք է առավել ուշադիր լինենք մեր դպրոցի բովանադակությանը, և խոսելով կրթական բարեխումների մասին, պետք է նայենք մեր պատմությանը։ Այդ առումով Ներսիսյան դպրոցը եղել է մեր մանկավարժության, կրթության մեթոդների կիրառման առաջադիմական մտքի կարևոր հաստատություն»։

Նախարարն առանձնահատուկ կարևորեց նաև այն, որ Ներսիսյան դպրոցը գտնվում է Վրաստանի իշխանության հոգածության ներքո և այդ շենքում, որտեղ այժմ գործում է Կովկաս համալսարանը, շարունակում է մնալ կրթական հաստատություն։

ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը փաստեց՝ մայր բուհը չէր կարող չանդրադառնալ այս կարևոր իրադարձությանը, որի բովանդակային բաղադրիչի վերաբերյալ կլինեն բազմաթիվ քննարկումներ և զեկուցումներ։ Նա անդրադարձավ Վրաստանում հայոց հոգևոր առաջնորդ Ներսես Աշտարակեցու հիմնադրած հաստատության կարևոր նշանակությանն ու ընդգծեց դրա ուրույն տեղը համաշխարհային կրթական գործընթացում։

Հովհաննես Թումանյան, Ղազարոս Աղայան, Պերճ Պռոշյան, Խաչատուր Աբովյան և այլք․ Սրբուհի Գևորգյանը հիշեցրեց՝ իր մեկդարյա պատմության ընթացքում կրթական կառույցն ունեցել է 2000-ից ավելի շրջանավարտ, բարձրաժեք մտավորականների սերունդ․ «Գործելով Վրաստանում, կրթական հաստատությունն իրավամբ մեծ նպաստ է ունեցել հայ-վրացական հարաբերությունների գործում, ինչի զարգացումը, լավագույն ավանդութների շարունակականության մասին է վկայում նաև այս գիտաժողովը։ Լիահույս եմ, որ Ներսիսյան դպրոցի լավագույն ավանդույթները կշարունակեն նաև ՀՊՄՀ-ի ուսանողները»։

Հիշեցնենք, որ Ներսիսյան հոգևոր դպրոցի հիմնադրման 200-ամյակին նվիրված միջոցառումները մեկնարկել էին դեռևս տարեսկզբին․ հունվարին ցուցահանդես էր բացվել Կովկասյան համալսարանում՝ Թբիլիսիի Ներսիսյան հոգևոր դպրոցում, ապա նաև ՀՊՄՀ-ում, որտեղ ներկայացված էին ավելի քան 200 արխիվային փաստաթղթերի և լուսանկարների պատճեններ։ Դրանց բնօրինակները պահվում են Հայաստանի և Վրաստանի ազգային արխիվներում, Երևանի Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում, հայաստանյան մի շարք թանգարաններում և Լևոն Չիդիլյանի մասնավոր հավաքածուում։

Ի դեպ, ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, բուհի Գիտական խորհրդի որոշմամբ, վրացահայ հասարակական գործիչ, մտավորական Լևոն Չիդիլյանին շնորհեց ՀՊՀՄ-ի «Պատվավոր դոկտորի» կոչում:

Գիտաժողովի բացմանը ներկա Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն իր խոսքում ընդգծեց՝ Թիֆլիսի Ներսիսյան հոգևոր դպրոցի 200-ամյա պատմությունն իրավամբ հանդիսանում է հայ և վրաց ժողովուրդների բարեկամության պատմության նշանակալից դրվագներից մեկը։ Դեսպանը նկատեց՝ հայ ժողովրդի մեծանուն գործիչներն ապրելով ու գործունեություն ծավալելով Թբիլիսիում՝ անջնջելի հետքն են թողել ոչ միայն հայ, այլև վրաց ժողովրդի պատմության մեջ՝ դառնալով մեր երկու ժողովուրդների պարծանքը։

Վրաստանում ՀՀ դեսպանն ընդգծեց՝ այս հոյակերտ կառույցը՝ ի դեմս Կովկաս համալսարանի, այսօր էլ շարունակում է ծառայել հիմնադրման օրվա իր առաքելությանը՝ լինել կրթության և լուսավորության յուրահատուկ օջախ․«Այն քաղաքակրթական առումով կրթական վկայությունն է մեր երկու ժողովուրդների՝ ուսանողության կրթության և մշակույթի նկատմամբ ունեցած միանման աշխարհընկալման մասին։ Հատկանշական է նաև, որ այսօր հենց Մանկավարժական համալսարանում ենք անցկացնում այս գիտաժողովը, որի ակունքներում կրկին ընկած է կրթությունն ու մանկավարժությունը»,-նշեց Աշոտ Սմբատյանն ու մաղթեց, որ Մանկավարժական համալսարանը ներսիսյանական ոգով շարունակի մնալ մանկավարժական կադրերի պատրաստման դարբնոց՝ կրթելով սերունդներ և նրանց համար բացելով նոր հորիզոններ։

ՀՊՄՀ Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը նկատում է՝ ուղիղ 200 տարի առաջ այս օրերին Թբիլիսիում հիմնադրվեց կրթական մի հաստատություն՝ Ներսիսյան հոգևոր դպրոցը։ Այն գոյատևեց ընդամենը 100 տարի, սակայն այդ տարիների ընթացքում ունեցավ դարակազմիկ նշանակություն։ Ու թեև դրա գործունեության դադարից անցել է 100 տարի, սակայն նրա դերն ու արձագանքները շարունակում են հասնել մեր օրեր։

Էդգար Հովհաննիսյանը պատահական չհամարեց այն, որ հենց Մանկավարժական համալսարանը պետք է անդրադառնար այդ կարևոր հոբելյանին՝ որպես մայր բուհ ու կրթական հասատություն․ «Գիտաժողովները նպատակ ունեն ոչ միայն նորովի արժևորելու, նոր փաստեր հայտնաբերելու, մեր պատմության անցյալը ուսումնասիրելու, այլև ունեն կիրառական նշանակություն։ Այսօր, մենք տեսնում ենք, որ իր գոյության դադարից 100 տարի անց էլ Ներսիսյան դպրոցն իր առաքելության մեջ է։ Միջազգային այս գիտաժողովը կարևոր է նաև հայ-վրացական եղբայրական, գիտակրթական կապերի ամրապնդման տեսանկյունից․ մեկ հարկի ներքո ներկայացուցչական նման կազմի առկայությունն արդեն իսկ խոսում է հաջողության մասին»։

Լիագումար նիստում «Ներսիսյան դպրոց․ կրթական գերազանցության կենտրոն ստեղծելու նախաձեռնություն» թեմայով զեկույցը ներկայացրեց ՀՊՄՀ պրոֆեսոր, պատմական գիտությունների դոկտոր Սամվել Պողոսյանը։ Նա մանրամասներ ներկայացրեց բացահայտելու և լուսաբանելու Ներսես Աշտարակեցու գործադրած ջանքերը՝ ստեղծելու կրթական ամենաբարձր չափանիշներին համապատասխանող կրթօջախ․ «Ներսես Աշտարակեցին, որպես իրական մտավորական և գաղափարական գործիչ, հստակ ըմբռնում էր, որ միայն կրթության միջոցով կարող են երիտասարդները հասնել հաջողության, իսկ առանց լուսավորյալ սերնդի ազգը դատապարտված էր հետամնացության և ձախողումների»,-նշեց բանախոսը։

Կովկաս համալսարանի պրոֆեսոր, պատմական գիտությունների թեկնածու Գուրանդա Չելիձեն էլ «Անցյալից մինչև ներկա` ավանդույթը շարունակվում է» թեմայով զեկույցում ընդգծեց՝ Կովկաս համալսարանը նպաստում է Վրաստանի հայկական դպրոցներում կրթական ծրագրերի իրականացմանը՝ համաձայն քաղաքացիական հասարակության ձևավորման և ժողովրդավարական կրթության համաեվրոպական սկզբունքների։

Թբիլիսիի Ներսիսյան հոգևոր դպրոցի կառավարմանն էլ անդրադարձավ Լևոն Չիդիլյանն ու հանգամանորեն ներկայացրեց նորաստեղծ դպրոցի կրթական ծրագրերը, դասավանդվող առարկաները, անդրադարձավ կանոնադրությանը․ «Դասավանդման և կառավարման այս ձևաչափը ոչ միայն նորարարական էր արևելահայ դպրոցի համար, այլև հեղափոխական ամբողջ տարածաշրջանում»,-նշեց բանախոսը։

Գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին մասնաճյուղերում, որտեղ հայ և արտասահմանցի կրթական գործիչներն իրենց զեկույցներում վերհանեցին Ներսիսյան դպրոցին ու գործունությանը վերաբերող նոր ու հետաքրքիր մանրամասներ։

«Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և նրա դերը Կովկասի կրթական կյանքում» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն վաղը։