ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Միջազգային գիտաժողովում քննարկվեցին
20.10.2023
Միջազգային գիտաժողովում քննարկվեցին

Մանկավարժական համալսարանում շարունակվում են «Անձի հոգեկան առողջությունը․հոգեբուժության և հոգեբանության լեզուները» թեմայով միջազգային գիտաժողովի աշխատանքները։

Գիտական ձեռնարկի երկրորդ օրը մասնակիցները չորս նիստերում քննարկեցին  անձի հոգեկան առողջությանը վերաբերող հոգեբանական և կրթական հիմնախնդիրներ, անդրադարձան հոգեթերապիայի և կլինիկական խնդիրներին՝ հոգեբանական և հոգեբուժական տեսանկյուններից։

Ակադեմիկոս Մկրտիչ Մազմանյանի անվան հոգեբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Լևոն Սարգսյանը վստահեցրեց՝ գիտաժողովի երկու օրերն էլ խիստ արդյունավետ էին, քանի որ բացառիկ հնարավորություն է ստեղծվել միջազգային մեծ հեղինակություն ունեցող մասնագետների հետ նույն հարթակում քննարկել մասնագիտական խիստ կարևոր ու արդիական հիմնախնդիրներ․«Նրանք նոր միտք և շունչ հաղորդեցին հայ հոգեբանական միջավայրին՝ ի նպաստ հոգեբանական նոր պրոբլեմների ուսումնասիրության և խնդիրների լուծման»,-նշեց Լևոն Սարգսյանը։

Վերջինս կարևորեց գիտաժողովի անցկացումը և գիտական մտքի փոխանակումը հատկապես հիմա, երբ աշխարհում պատերազմական վտանգներ են և տեղահանության խնդիրներ։ Նա հավելեց նաև, որ Մանկավարժական համալսարանը տարիներ շարունակ կազմակերպել է յուրահատուկ և արդիական հոգեբանական խնդիրներին վերաբերող գիտաժողովներ, որոնք հետաքրքրել են ոչ միայն տեղի, այլև միջազգային հոգեբանական գիտական հանրույթին։

Նշենք, որ հինգ երկրից, ինչպես նաև Հայաստանից հոգեբանության ոլորտի առաջատար մասնագետները նիստերի ընթացքում իրենց զեկույցներում անդրադարձան ժամանակակից սոցիալական հոգեբանության մեջ սոցիալական ճանաչողության և սոցիալական կացության կատեգորիաներին, ռազմաքաղաքական փոփոխությունների հետևանքներին և կիրառական ռազմական հոգեբանության ժամանակակից հիմնախնդիրներին, անձի հոգեկան առողջությանը վերաբերող կրթական, հոգեթերապևտիկ և կլինիկական մի շարք թեմաների։