ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Միջազգային համագործակցություն՝ նվիրված տուրիզմի զարգացման հեռանկարներին
04.07.2018
Միջազգային համագործակցություն՝ նվիրված տուրիզմի զարգացման հեռանկարներին

Նախորդ տարվա հունիսից Մանկավարժական համալսարանը Թբիլիսիի պետական, Վիեննայի Բոկուի բնական ռեսուրսների և բնական գիտությունների համալսարանների հետ իրականացնում է համատեղ ծրագիր:

Ծրագրի նպատակն է Հարավային Կովկասի երկրներում ուսումնասիրել տուրիզմի զարգացման հեռանկարները, համայնքներում տուրիզմի զարգացման գործընթացում իրականացնել միասնական ծրագիր: 2 տարվա ընթացքում վերհանվել են Հայաստանի և Վրաստանի տարբեր համայնքներում տուրիզմի զարգացման հնարավորությունները, վերլուծվել դրանց հեռանկարները:

Հետազոտական 2 տարիներին հաջորդել է ծրագրի իրականացման մյուս փուլը՝ Հայաստանում և Վրաստանում ընտրված տարածաշրջաններում իրականացնել կայուն տուրիզմի զարգացմանն ուղղված հետազոտական աշխատանքներ:

Հայաստանում ուսումնասիրման ռեգիոն է ընտրվել Մարմարիկ գետի հովտի Մեղրաձոր համայնքը, որտեղ էլ իրականացվել են դաշտային համապատասխան հետազոտությունները:

ՀՊՄՀ-ի աշխարհարգրության և դրա դասվանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Աշոտ Խոյեցյանն aspu.am-ի հետ զրույցում կարևորեց ինչպես բուն ծրագիրն, այնպես էլ միջդիսցիպլինար կապը. ծրագրի այս փուլին ապագա աշխարհագետների հետ մասնակցում էին նաև ապագա պատմաբաններ, էկոլոգներ, սոցիոլոգներ:

Հետազոտության նպատակն է ուսանողների միջոցով և ամենատարբեր մեթոդների կիրառմամբ վերհանել համապատասխան տարածքում տուրիզմի զարգացման հնարավոր ուղիները, ինչը հնարավորությոն կտա ոչ միայն զբասաշրջության, այլև համայնքի ընդհանուր զարգացման հնարավորությունների բացահայտմանը:

«Հայաստանյան շատ գյուղեր գտնվում են այնպիսի տարածքներում, որտեղ կա բազմակողմանի ռեսուրսային ապահովություն, բայց ոչ ճիշտ կառավարման հետևանքով դրանք գտնվում են սոցիալական, տնտեսական ոչ բարվոք վիճակում»,-նշեց Աշոտ Խոյեցյանն ու հավելեց, որ վերոնշյալ պատճառներն ուղղակիորեն անդրադառնում են զբոսաշրջության զարգացման վրա:

Աշոտ Խոյեցյանը նշեց նաև, որ համագործակցության ընթացքում ավստրիացի գործընկերներից ստացել են նման գործընթացներն իրականացնելու ուսումնական, մեթոդական ուղեցույցներ, ուսանողների համար անցկացրել են պարապմունքներ՝ նրանց միջազգային փորձին ծանոթացնելու և համապատասխան գիտելիքներով զինելու նպատակով:

Վերջինս համոզմամբ՝ իրագործվեց ծրագրի հիմքում ընկած հիմնական գաղափարը՝ ուսանողների, դասախոսների, միջազգային դիտորդների, փորձագետների և ամենակարևորը՝ համայնքի բնակիչների համատեղ աշխատանքը:

Ծրագրի արտասահմանցի մասնագետները նշում են, որ սա կարևոր է և ուսուցողական առաջին հերթին ուսանողների, ապա նաև համայնքի բնակիչների համար: Նրանց կարծիքով՝ սա նաև գործընկեր համալսարանների միջև համագործակցության հաջողված փորձ է. «Նման ծրագրերում ուսանողներին մասնակից դարձնելով՝ Մանկավարժականը հնարավորություն է տալիս տեսական գիտելիքները համատեղել գործնական աշխատանքների հետ, ինչը կարևոր է մասնագիտական կայացման գործում»: