ERASMUS+BOOST /Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքետինգի խթանում/ եռամյա ազգային ծրագրի շրջանակում կայացավ «Բարձրագույն կրթության միջազգայնացման հեռանկարները» խորագրով միջազգային համաժողովը:
ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանն իր ելույթում կարևորեց բուհերի մարկեթինգային քաղաքականության և բրենդինգի դերը բուհերի միջազգայնացման գործընթացում և ընդգծեց օտարալեզու կրթական ծրագրերի մշակման, դրանց տեսանելիության ապահովման կարևորությունը՝ ՀՀ բուհերը օտարեկրացի ուսանողների համար հնարավորինս մատչելի դարձնելու տեսանկյունից:
Այնուհետև ՀՊՄՀ-ի աշխատակազմի և միջազգային հարցերվ պրոռեկտորի խորհրդական և ծրագրի համակարգող Քրիստինա Ծատուրյանը ներկայացրեց ՀՀ բուհերի միջազգայնացման ռազմավարության ուղղությամբ BOOST ծրագրի շրջանակներում կատարված և սպասվելիք աշխատանքները (առավել մանրամասն տեղեկատվությունը՝ http://boost.aspu.am/ հասցեով):
ՀՀ կրթության և գիտության նախարության ներկայացուցիչ Տաթևիկ Ղարիբյանն էլ անդրադարձավ ՀՀ բուհերի միջազգայնացման հիմնական խնդիրներին, ինչպես նաև մշակման փուլում գտնվաղ բարձրագույն կրթության միջազգայնացման ազգային ռազմավարության նպատակներին:
Համաժողովի ընթացքում ծրագրի եվրոպացի գործընկերնեը Իսպանիայից, Պորտուգալիայից , Շվեդիայից և Էստոնիայից, ինչպես նաև հայաստանյան գործընկեր համալսարանների ներկայացուցիչները ներկայացրին իրենց փորձը համալսարանների միջազգայնացման, ակադեմիական շարժունության, զարգացման հեռանկարների, անհրաժեշտ միջմշակութային հաղորդակցման հմտությունների ձևավորման վերաբերյալ:
Համաժողովին մասնակիցների թվում էին նաև ԱՄՆ Մինեսոտայի համալսարանի ներկայացուցիչները: Մինեսոտայի համալսարանի փորձագետ, գիտությունների դոկտոր Քրիս Ջանստոունն իր ելույթում ներկայացրեց միջազգային համագործակցության հիմնական տեսակներն ու նպատակները:
Նշենք, որ ERASMUS+ BOOST ծրագրի նպատակն է նպաստել և խրախուսել ՀՀ բարձրագույն կրթության հետագա միջազգայնացումը՝ մշակելով ազգային և ինստիտուցիոնալ քաղաքականության համապատասխան շրջանակ և գործիքակազմ: Ծրագրի համակարգողն է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, իսկ ծրագիրը ֆինանսավորում է Եվրամիության Էրազմուս+ ծրագիրը: