ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Միջազգային սեմինար՝ թարգմանական խնդիրների շուրջ
30.01.2023
Միջազգային սեմինար՝ թարգմանական խնդիրների շուրջ

Մանկավարժական համալսարանում մեկնարկեց «Գլոբալ պատմություն. մշակույթների լեզուն ու թարգմանելիության խնդիրները» խորագրով միջազգային գիտագործնական սեմինարը։

Այն կազմակերպվել է ՀՊՄՀ-ի և Ռուսաստանի առաջին նախագահ Բ.Ն. Ելցինի անվան Ուրալի դաշնային համալսարանի համագործակցության շրջանակներում։ Քառօրյա սեմինարն անցկացվում է նաև առցանց ձևաչափով՝ խորագրի շուրջը համախմբելով այլ հաստատությունների ներկայացուցիչների։

ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը ողջունեց ներկաներին, սեմինարին առցանց եղանակով միացած մասնակիցներին և մաղթեց արդյունավետ աշխատանք։ Նա կարևորեց  գիտագործնական սեմինարի խորագիրը, որ թույլ կտա վերհանել և քննարկել թեմային առնչվող մի շարք էական հարցեր։

«Բոլորիս է հայտնի, որ թարգմանությունը կարևոր դեր ունի մշակութային ասպեկտում և մարդկության զարգացման մշակույթում։ Թարգմանության հիմքում պետք է լինի պատմության, մշակույթի և գրականության իմացությունը այն լեզվով, որից կատարվում է թարգմանությունը»,-նշեց Մարիաննա Հարությունյանն ու հավելեց՝ այս ձեռնարկը ևս մեկ անգամ ընդգծում է, որ 2021 թվականին երկու բուհերի միջև կնքված համագործակցության պայմանագիրն արդյունավետ գործում է։

Ուրալի դաշնայի համալսարանի նոր և նորագույն պատմության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Նիկոլայ Բարանովը շնորհակալություն հայտնեց հյուրընկալության համար: Նա վստահ է, որ խորհրդային բոլոր դպրոցականներն իրենց ժամանակի մեջ գիտեին Խորհրդային միության երկրներից ամենահնագույնի՝ Հայաստանի մասին։ Երևանը հրաշալի վայր է կազմակերպելու արդյունավետ  գիտական միջոցառումներ։

Նա փոխանցեց Ուրալի դաշնային համալսարանի՝ 2023 թվականին բուհում անցկացվող կարևոր ձեռնարկներին մասնակցելու հրավերը, ինչը երկուստեք հետաքրքրություն ներկայացմող միջոցառում է՝ երկու բուհերի միջև արդյունավետ համագործակցությունը ամրապնդելու և շարունակելու տեսանկյունից։

Ուրալի դաշնայի համալսարանի նոր և նորագույն պատմության ամբիոնի պրոֆեսոր Վերոնիկա Վիսոկովան շնորհակալական նամակներ փոխանցեց Մարիաննա Հարությունյանին և Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանին։

Միջազգային գիտագործնական սեմինարը շարունակվեց զեկուցումներով։ Մասնակիցները առերես և առցանց ձևաչափով անդրադարձան թարգմանելիության խնդիրներին, թարգմանչական ուսումնասիրություններին, պրակտիկային, նորագույն մեթոդներին և այլն։ Միջազգային գիտագործնական սեմինարի աշխատանքները կշարունակվեն մինչև փետրվարի 3-ը։