ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Միջբուհական գիտաժողով ՀՊՄՀ-ում
02.05.2016
Միջբուհական գիտաժողով ՀՊՄՀ-ում

Այսօր Մանկավարժական համալսարանում բուհի Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ կայացավ ուսանողական միջբուհական գիտաժողովի բացումը, որին մասնկացում էին 4 բուհերի՝ ՀՊՄՀ-ի , ԵՊՀ-ի, ՀՀ ԳԱԱ, Գլաձորի համալսարանի մագիստրոսները: 

ՀՊՄՀ-ի Ուսումնագիտական հարցերի գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը բուհի ղեկավարության և պրոֆեսորադասախոսական կազմի անունից ողջունեց գիտաժողովի մասնակիցներին՝ վստահություն հայտնելով, որ արդեն ավանդույթ դարձած նմանատիպ ձեռնարկները որակական նոր տեղաշարժեր են ապահովում ինչպես ուսանողների կոգնիտիվ, այնպես էլ սոցիալական վարքի ձեռագրաբանության մեջ:

Պրոռեկտորն իր գոհունակությունը հայտնեց ներկայացվող թեմաների վերաբերյալ՝ նկատելով, որ դրանք ընդգրկում են գիտական լայն շրջանակներ՝ հոգեբանություն, ինֆորմատիկա, պատմություն, տնտեսագիտություն, և արծարծում են գիտական կարևորագույն խնդիրներ, կոնկրետ հարցեր.«Ոգևորիչ է նաև այն, որ գիտաժողովի մասնակիցները մեծամասամբ մագիստրոսներ են. ՀՊՄՀ-ում վերջին 4 տարիներին մագիստրոսական կրթությունը շեշտադրվում է որպես կարևորագույն ոլորտ, և առկա բարեփոխումները հիմնականում ուղղված են կրթական ծրագրերին, առանձին առարկայացանկին: Հաշվի է առնվում յուրաքանչյուր ֆակուլտետի ուղղվածությունը, հետաքրքրվածությունը, գիտական նորույթն ու հետազոտական համալսարան հասկացությանը միտված բուհի ռազմավարությունը»:

Միջբուհական գիտաժողովում ուսանողներն արծարծեցին ազգային օրենսդրությամբ երեխաների իրավունքների պաշտպանությանն ու անտեսմանը, երեխաների ներպետական և միջազգային իրավունքներին, ներառական կրթության սահմանային հիմնախնդիրներին, հոգեկան տրամվային, օժտված երեխաների հոգեբանությանը, դեռահասի ձևավորման գործընթացում համակարգչային կախվածության ազդեցությանը և այլ թեմաների:

Հաշվի առնելով ապրիլյան վերջին ցավալի դեպքերը՝ մագիստրոսներն իրենց զեկույցներում անդրադարձան նաև ռազմական թեմաններին՝ Խոջալուի ռազմական գործողություններին և ադրբեջանական կեղծարարությանը, պատերազմին՝ որպես կոնֆլիկտի հոգեբանական բնութագիր, խաղաղ պայմաններում մարտական գործողությունների մասնակից մարտիկների սոցիալ-հոգեբանական վերահարմարմանը, կին զինծառայողների զինվորական գործունեության մեջ ընդգրկվելու հոգեբանական դրդապատճառներին, Առաջին Հանրապետության հռչակման նախադրյալններին և այլն:

Սրբուհի Գևորգյանը կարևորեց ընտրված թեմաների արդիականությունը՝ ընդգծելով, որ փոփոխվող հասարակությունում և ներկայիս տագնապալից աշխարհում անձի հոգեկան կրթվածքի անվտանգությանը, պատմական ինքնությանն ուղղված յուրաքանչյուր քայլ նոր իմաստ և վերլուծության թեմա են դառնում:

ՀՊՄՀ-ի Ուսանողական գիտական ընկերության նախագահ Մարիամ Մելքումյանը կարևորեց վերջին տարիների ՀՊՄՀ-ի Ուսանողական գիտական ընկերության ակտիվ համագործակցությունը գիտական կառույցների հետ.այսօր կայացած միջբուհական գիտաժողովը ՀՀ ԳԱԱ ՈՒԳԸ-ի դրա վկայությունն է.«Գիտաժողովն էապես տարբերվում է նախորդներից, քանզի այս անգամ ապրիլյան ցավալի դեպքերի առնչությամբ զեկուցումներ ևս ընդգրկվեցին:

Հնարավորություն ունեցանք արդիկան թեմաներին ծանոթանալ ուսանողների աչքերով ու վերլուծություններով՝ համադրելով նրաց կողմից ներկայացվող տեսական և պրակտիկ վերլուծությունները.սա էր նաև գիտական նստաշրջանի նպատակներից մեկը»,-aspu.am-ի հետ զրույցում նշեց ՈւԳԸ-ի նախագահը: