ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Միջոցառում՝ նվիրված Անտոն Անտոնյանին
26.09.2018
Միջոցառում՝ նվիրված Անտոն Անտոնյանին

ՀՊՄՀ-ի թանգարանում կայացավ Հայաստանում առաջին մանկավարժական թանգարանի հիմնադիր, բուհի դասախոս Անտոն Անտոնյանին նվիրված միջոցառում:

Անտոն Անտոնյանը Մանկավարժական թանգարանի հիմնման գործին ձեռնամուխ եղավ այն ժամանակ, երբ Հայաստանում և հայկական գաղթօջախներում հայ հասարակության մեջ ու հայկական մամուլում հրապարակ եկան ազգային պատմաազգագրական արժեքները հավաքելու, պահպանելու և ուսումնասիրելու հիմնահարցը, առաջ եկավ ազգային թանգարաններ հիմնելու խնդիրը։

Մանկավարժական թանգարանի հիմնադրումը խիստ անհրաժեշտ էր. այն մեծապես նպաստում էր ուսանողության, ինչպես նաև դպրացականների գործնական աշխատանքների կատարելագործմանը, պիտանի մասնագետների պատրաստմանը:

ՀՊՄՀ-ի թանգարանի տնօրեն Ալվարդ Գրիգորյանը ուրախ է, որ բացահայտվել է մի մարդու, մտավորականի պատմություն, ում մասին տեղեկացված լինելը պարտադիր է:

«Ժամանակին մանկավարժական թանգարանները շատ կարևոր դեր ունեին կրթության համար. ցուցադրվում էին դիդակտիկ նյութեր, որոնք ուսուցման պրոցեսը դարձնում էին առավել արդիական և հասկանալի»-նշեց Ալվարդ Գրիգորյանն ու հույս հայտնեց, որ հետագայում էլ ավելի կընդլայնվեն նրա մասին ուսումնասիրությունները, կգրվեն գիտական աշխատանքներ:

Միջոցառմանը ներկա էր նաև Անտոն Անտոնյանի թոռը՝ Արամ Գրիգորյանը, ով ուրախությամբ փաստեց՝ պապի լուսանկարը մշտական ներկայություն է այն բուհի թանգարանում, որտեղ դասավանդել է մինչև կյանքի վերջին տարիները:

Արամ Գրիգորյանը ներկայացրեց Անտոն Անտոնյանի կենսագրությունը, գործունեության մանրամասները և ընդգծեց, որ այս միջոցառումն ու պապին պատկանող որոշ իրերի ցուցադրությունն իր համար պատմական նշանակություն ունի. մոռացության թմբիրից դուրս հանվեց առաջին մանկավարժական թանգարանի հիմնադիրը:

Նշենք, որ Մանկավարժական թանգարանում բացված կաբինետը, լաբորատորիաները յուրօրինակ կենտրոններ էին ուսուցիչների համար, ուր նրանք պատրաստում էին դասը: Կարճ ժամանակամիջոցում մանկավարժական թանգարանը դարձավ Երևանի և հարևան շրջանների մանկավարժների հավաքի, մանկավարժական հարցերի քննարկման վայր։

Մեկամյա գործունեության ընթացքում՝ 1921-1922 ուսումնական տարում թանգարան էր այցելել 8612 մարդ: