ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Միջոցառում՝ նվիրված ՁԻԱՀ-ի դեմ պայքարի օրվան
03.12.2019
Միջոցառում՝ նվիրված ՁԻԱՀ-ի դեմ պայքարի օրվան

Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրն է: Օրվա առթիվ Մանկավարժական համալսարանի Առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների և քաղպաշպանության ամբիոնը կազմակերպել էր միջոցառում, որին հրավիրվել էին ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի բժիշկներ:

Ներկաները դիտեցին Ուսանողական խորհրդի STUDENT TV-ի պատրաստած տեսանյութը: Նախապես հայտարարվել էր նկարների մրցույթ և անցկացվել էլեկտրոնային հարցում՝ տարբեր ֆակուլտետների ուսանողներից ստանալու պատասխաններ՝ արդյո՞ք առողջ տեսք ունեցող մարդը կարող է լինել ՄԻԱՎ-ՁԻԱՀ վարակակիր: Հետաքրքիր էր, որ 1251 հարցված ուսանողների 60 %-ը տվել էր ճիշտ պատասխան՝ այո:

Մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողներ Արաքսյա Լոբոդիչը և Տաթևիկ Սայադյանը տեսապատկերներով ներկայացրին ՁԻԱՀ-ի ծագման պատճառները, ընթացքը և գոյություն ունեցող վարկածները, անդրադարձան ՄԻԱՎ վարակի ընթացքին՝ ընդհուպ մինչև ՁԻԱՀ-ի փուլը, փոխանցման հիմնական ուղիներին ու ռիսկային խմբերին: Ուսանողները ներկայացրին նաև կանխարգելման ռազմավարությունը՝ դրանց վերաբերյալ տեղեկատվության և ՄԻԱՎ-ի վարակի նվազեցման ուղղությունները և վարակի փոխանցման վտանգից խուսափելու պայմանները:

Ըստ վիճակագրության մեր հանրապետությունում 1988-2019 թվականներին գրանցվել է 3694 դեպք: 1-ին տեղում Երևանն է, ապա Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Արարատի մարզերը. շատ դեպքերում դրանք միգրացիայի հետևանք են:

Առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների և քաղպաշպանության ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր Նարինե Սահակյանը խոսեց թեմայի կարևորության մասին, ընդգծեց ՁԻԱՀ-ի հանրապետական կենտրոնի կարևոր աշխատանքը ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի բացահայտման և կանխարգելման ուղղությամբ, անդրադարձավ «ՁԻԱՀ և վարքագիծ» ամսագրին՝ որպես վերոհիշյալ հարցերի մասին գիտատեղեկատվական կարևոր հարթակի: Ամբիոնի վարիչն ընդգծեց ուսանողների իրազեկվածության մակարդակը որպես կարևոր օղակ և հորդորեց բոլորին ակտիվ լինել տեղեկատվության տարածման գործում:

ՁԻԱՀ-ի հանրապետական կենտրոնի բժիշկ-վիճակագիր Լիլիթ Հովհաննիսյանը և բժիշկ-համաճարակաբան Հեղինե Հովակիմյանը ուսանողներին և դասախոսներին ներկայացրին հիվանդության մասին համապարփակ տեղեկատվություն, պատասխանեցին նրանց հարցերին:

«Աշխարհն այսօր թիրախավորել է մեկ նպատակ՝ ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց գոնե 90%-ն իմանա իր վարակի մասին, որպեսզի բուժվի: Թեև վարակակիր հիվանդը դեռևս չի բուժվում կամ ապաքինվում, ռետրոդեղամիջոցի կիրառմամբ վիրուսների մակարդակն ընդամենը նվազեցվում է մարդու օրգանիզմում, որպեսզի նա շրջապատի համար դառնա նվազ վտանգավոր»,-ասում է Լիլիթ Հովհաննիսյանը:

Բժիշկ-համաճարակաբան Հեղինե Հովակիմյանն էլ ընդգծեց, որ այդ դեղերը կիրառում են որպես բուժման մեթոդ. «Դեղերն անմիջականորեն ազդում են վիրուսների վրա, և վերջինները դադարում են զարգանալ արյան մեջ: Ցավոք, այսօր չկա նշված հիվանդության արմատական բուժում, առայժմ հնարավորինս կանխարգելվում է զարգացման ընթացքը, սական ՄԻԱՎ-ի վերջին՝ ՁԻԱՀ-ի փուլում հիվանդը մահանում է»,-հավելեց բժիշկ-համաճարակաբանը:

Ավարտին Առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների և քաղպաշպանության ամբիոնի վարիչ Նարինե Սահակյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին, իսկ ուսանողներին հորդորեց լինել լինել ակտիվ և տեղեկացված: