ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Միջոցառում՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան
01.06.2018
Միջոցառում՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան

Մանկավարժական համալսարանի թանգարանը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան:

Միջոցառումների մեկնարկը կատարեցին թանգարանում գործող «Պատանի էքսկուրսավար» խմբակի երեխաները, որոնք բուհի հիմնական դպրոցի աշակերտների համար անցկացրին ճանաչողական էքսկուրսիա:

Նրանք ծանոթացրին թանգարանային ցուցանմուշներին, բուհի պատմությանն ու ժամանակագրությանը:

Տոնական միջոցառումը շարունակվեց մատնակարչությամբ. երեխաները կավե սալիկների, ինչպես նաև թղթերի վրա նկարեցին մատներով՝ իրենց նախընտրած թեմաներով:

Միջոցառման ամենակրտսեր հյուրը 3-ամյա Էլինա Գարդյանն է: Նախ զարմանքով ծանոթացավ թանգարանային նմուշներին, ապա զբաղվեց միջոցառման կարևորագույն գործով՝ մատնանկարչությամբ, որի ընթացքում գույներով և նկարներով ապացուցեց՝ տրամադրությունը շատ բարձր է, երգելու և պարելու ցանկությունը՝ անսպառ:

«Առաջինն ինձ պապիկս է շնորհավորել: Նվերներ ստացել եմ, բայց դեռ սպասում եմ ամենակարևորին՝ մուլտֆիլմերի իմ սիրելի հերոսուհի Էլզային»,-նշեց փոքրիկ Էլինան ու հավելեց՝ լավ կլիներ, որ իրենց տոնը տարվա ընթացքում մի քանի անգամ նշեին:

9-ամյա Ռաֆայել Մոմչյանը ՀՊՄՀ-ի հիմնական դպրոցի աշակերտներից է: Օրվա առաջին շնորհավորանքն ստացել է մայրկից, նվերը՝ քույրիկից: aspu.am-ի հետ զրույցում անկեղծացավ՝ արձակուրդներ են և առավոտյան դեռ ընկերներին չի հասցրել շնորհավորել, բայց բարեմաղթանքներ այսպես էլ կարող է ուղղել. «Ուզում եմ, որ բոլոր բալիկները առողջ լինեն, լսեն ծնողներին, իսկ տղաներն անպայման ծառայեն բանակում»,-հավելեց Ռաֆայելն ու հիշեցրեց իր ամենակարևոր ցանկությունը՝ ապրել խաղաղ հայրենիքում, ուր պատերազմներ այլև չեն լինի:

ՀՊՄՀ-ի հիմնական դպրոցի աշակերտներից Արամ Գումրիկյանը 10 տարեկան է. նախ ուշադրությամբ մասնակցեց թանգարանի էքսկուրսիային, ապա միացավ գույների ու խաղերի տոնին և իրենից փոքրերի հետ միասին օրվա տրամադրությունը հաղորդեց գունավոր թղթերին, գույնզգույն ներկերին:

«Օրն այսօր շատ ուրախ եմ սկսել, որովհետև իսկական տոն է՝ լի փուչիկներով, համբույրներով ու շնորհավորանքներով»,-նշեց Արամ Գումրիկյանն ու աշխարհի մանուկներին մաղթեց իր համար կարևորագույնները՝ ընկերասիրությունն ու ծնողներին լսելու պարտադիր պայմանը:

Միջոցառումն ուղեկցվեց տոնական երաժշտությամբ և հետաքրքիր խաղերով՝ երեխաների ու ներկաներին հաղորդելով տոնական բարձր տրամադրություն: