ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Միջոցառում՝ նվիրված կրթության միջազգային օրվան
24.01.2020
Միջոցառում՝ նվիրված կրթության միջազգային օրվան

«Մարդկային հասարակության ձևավորման արշալույսից սկսած՝ հայ ժողովուրդը բարձր է գնահատել կրթության, դաստիարակության դերը, դրան վերաբերվել մեծագույն պատասխանատվությամբ: Այդ է պատճառը, որ այսօր էլ մեր ազգը համարվում է մտավոր բարձր կարողություններով օժտված ժողովուրդ»,-նշեց մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լաուրա Ասատրյանը:

Այսօր առաջին անգամ նշվում է ՄԱԿ-ի հռչակած Կրթության միջազգային օրը, որի առթիվ Մանկավարժական համալսարանի պատմության թանգարանում կազմակերպվել էր յուրատեսակ միջոցառում:

Պրոֆեսոր Լաուրա Ասատրյանը ներկաներին՝ բուհի պրոֆեսորադասախոսական և հենակետային վարժարանի ուսուցչական կազմին ներկայացրեց տարբեր ժամանակներում հայ ժողովրդի կյանքում կրթության ունեցած դերը, ազգային կրթության զարգացման պատմությունը՝ մինչև մեր օրեր: Լաուրա Ասատրյանը ևս մեկ անգամ փաստեց, որ հենց կրթությունն է եղել հայ ժողովրդի ինքնության, պետականության պահպանման կարևոր գրավականը:

Թանգարանի տնօրեն Ալվարդ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց Լաուրա Ասատրյանին և ընդգծեց, որ պրոֆեսորը ևս մեծ դեր է ունեցել մանկավարժական գիտության, կրթության ոլորտներում: Նա կարևորեց Կրթության միջազգային օրը տարբեր ձեռնարկներով նշելու անհրաժեշտությունը, ինչը թույլ կտա ևս մեկ անգամ արժևորել կրթության դերն ու նշանակությունը:

Օրվա առիթով թանգարանում բացվել է նաև ժամանակավոր ցուցադրություն, որտեղ ներկայացված են Մանկավարժական համալսարանի հիմնադրման պատմությանը վերաբերող փաստաթղթեր, հրամաններ, ականավոր գիտնականների կարծիքներ և այլն:

Միջոցառման ավարտին ներկաները ևս մեկ անգամ փաստեցին, որ կրթությունը եղել է, կա և կլինի մեր երկրի զարգացման կարևորագույն հենասյուներից մեկը: