ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Միսաք Մելքոնյանը պատրաստվում է երևույթ դառնալ արվեստի աշխարհում»
18.12.2018
«Միսաք Մելքոնյանը պատրաստվում է երևույթ դառնալ արվեստի աշխարհում»

«Տեսնելով ցուցադրությունը՝ շատերս կհամոզվենք, որ Միսաք Մելքոնյանը պատրաստվում է երևույթ դառնալ արվեստի աշխարհում: Նա այն արվեստագետներից է, որ բոլոր ժամանակներում մնում է հաստատուն, ականջալուր է իր հոգու ձայնին, ունի ուղի, որը նոր հաջողություններ պիտի բերի»,-նշեց արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հրավարդ Հակոբյանը՝ ՀՊՄՀ-ի դոցենտ, քանդակագործ Միսաք Մելքոնյանի անհատական ցուցահանդեսի բացմանը:

Նկարիչների միությունում բացվեց Միսաք Մելքոնյանի աշխատանքների ցուցահանդեսը, որին ներկայացված էր 42 քանդակ և 30 նկար: Վարպետի տարբեր տարիների ստեղծագործություններում նրա գործընկերներն են, դերասաններ, երաժիշտներ, հայտնի ու անհայտ մարդիկ, որոնց թեմատիկան ազգային մտավոր ոգու արտացոլումն է:

«Քանդակի ցուցահանդես բացելը բարդ գործ է, քանի որ հանրությանը ներկայանալը դյուրին գործ չէ: Բացի այդ, ես շատ խիստ եմ վերաբերվում իմ գործունեությանը. պետք է պատրաստ լինել կատարած աշխատանքով»,-նշեց Միսաք Մելքոնյանն ու հավելեց՝ առաջին ցուցադրությունն էլի կուշանար, եթե արվեստագետ ընկերները չհորդորեին:

Միսաք Մելքոնյանը քանդակել սկսել է 20 տարեկանից, խոստովանում է՝ տաղանդն ու շնորհը ժառանգություն ստացել է հորից և բարեբախտություն է ունեցել ստանալ լավ կրթություն՝ աշակերտելով քանդակագործ Հովհաննես Մուրադյանին:

«Քանդակելն իմ տարերքն է ու ապրելակերպը»,-նշեց Միսաք Մելքոնյանն ու հավելեց՝ ստեղծագործությունների շարքում դստեր դիմաքանդակն առանձնահատուկ տեղ ունի իր կյանքում:

Առաջին անհատական ցուցահանդեսի բացման առթիվ հեղինակին շնորհավորեցին նաև գործընկերները: Նկարիչների միության նորանշանակ նախագահ Սուրեն Սաֆարյանը մաղթեց հաջողություններ և վստահեցրեց, որ կառույցը կանի հնարավորը արվեստագետներին աջակցելու գործում:

«Դատարկ տակառներն ավելի բարձր են հնչում. Միսաք Մելքոնյանն այն շնորհալի արվեստագետներից է, ով սիրով ու մեծ նվիրումով է իր գիտելիքները կիսում ուսանողների հետ: Նա կյանքի մեծ ուղի ունեցող մարդ է, ազնիվ ու աշխատասեր վարպետ»,-նշեց Մանկավարժական համալսարանի Կերպարվեստի ամբիոնի վարիչ Կարեն Աղամյանն ու վստահեցրեց՝ այս ցուցադրությամբ կսկսվի Միսաք Մելքոնյանի արվեստի ճանաչողությունը:

Ցուցադրությանը ներկա արվեստասերները միակարծիք են՝ Միսաք Մելքոնյանի քանդակները բազմաբնույթ են, որոնցում ընդգծվում են տարբեր բնավորություններ, ինչպես նաև արվեստագետի՝ մարդու ներքին էության բացահայտման հանդեպ մեծ հետաքրքրությունը: