ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մնա տանը՝ ստեղծագործիր
15.04.2020
Մնա տանը՝ ստեղծագործիր

Մանկավարժական համալսարանի յուրաքանչյուր ֆակուլտետ ունի իր մասնագիտական յուրահատկությունները: Հատկապես առանձնահատուկ են Գեղարվեստական կրթության ֆակուլտետի մասնագիտությունները: Ֆակուլտետի դեկան, արվեստագիտության դոկտոր Արա Հակոբյանն ընդգծում է, որ առաջին հայացքից շատերին գուցե կթվա, թե իրենց մասնագիտություններով առցանց հնարավոր չէ դրսևորվել: Սակայն արվեստի տարբեր ճյուղերն ընտրած ապագա մանկավարժների համար արվեստանոցներում և տնային պայմաններում ստեղծագործական աշխատանքը մշտապես զուգահեռվել է բուհի կրթական գործընթացներին: Դա, կարելի է ասել թե՛ նկարիչների, թե՛ քանդակագործների երաժիշտների և դիզայներ-մոդելավորողների համար:

Բուհական կրթական համակարգի դասախոսները և ուսանողները ոչ միայն արդյունավետ աշխատում են օնլայն հարթակներում, այլև նույն արդյունավետությամբ շարունակում են ստեղծագործել: Ստեղծագործական միջավայրը տնային պայմաններում պարզապես բուհական գործընթացների շարունակությունն է, որ միաժամանակ օգնում է ազատ ու անկաշկանդ ստեղծագործել, նաև արվեստի միջոցով հաղթահարել ամբողջ օրը տանը մնալու անսովոր իրավիճակը:

Դասախոսների մի մասն անգամ առցանց վարպետության դասեր է կազմակերպում: Եվ ահա ծնվեց փոքրիկ տեսահոլովակներ ստեղծելու նախաձեռնությունը. Մնա տանը և ստեղծագործիր: Ասելիքը ավելի քան ներշնչող է և հուսադրող. Մի օր ամեն ինչ կավարտվի, որ պետք է նաև ստեղծագործելով հաղթահարել դժվարությունները: Հոլովակները ցուցադրեցին civilnet.am և azatutyun.am կայքերը: Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դասախոսների և ուսանողների արդյունավետ աշխատանքը դրական ու ոգեշնչող օրինակ է, որին կարող են հետևել շատերը. ահա նկարիչները, որոնք տանն աշխատում են կտավների վրա, քանդակագործները չունենալով գիպսանյութեր, պլաստիլինից կերպարներ են կերտում, երաժիշտները ստեղծագործում են և մատուցում հրաշալի երաժշտություն:

Այս ամենն, իհարկե, սովորական աշխատանքային գործընթաց է՝ տեղափոխված տնային միջավայր, բայց նաև ոգեշնչող է, հուսադրող բոլոր նրանց համար, ովքեր դժվարությամբ են հաղթահարում ստեղծված իրավիճակը: Տեսահոլովակում նկարահանված դասախոսները և ուսանողները ներկայացնում են ֆակուլտետի ակտիվությունն ու արդյունավետ աշխատանքը՝ աշխատել, սովորել և ստեղծագործել ցանկացած միջավայրում, միաժամանակ տարածելով այս օրերի համար ամենակարևոր ու օգտակար կարգախոսը՝ Մնա տանը՝ ստեղծագործիր: