ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մրցականակներ և շնորհակալագրեր՝ համահամալսարանական մանկավարժական օլիմպիադայի մասնակիցներին
22.02.2018
Մրցականակներ և շնորհակալագրեր՝ համահամալսարանական մանկավարժական օլիմպիադայի մասնակիցներին

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում ամփոփվեցին Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված ՀՊՄՀ-ի Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպված համահամալսարանական մանկավարժական օլիմպիադայի արդյուքները:

Եռափուլ օլիմպիադան, որին մասնակցում էին բուհի տարբեր ֆակուլտետների ուսանողներ, բացահայտեց նրանց մասնագիտական հմտություններն ու որակները:

Բակալավրիատի ուսանողները լրացրին մանկավարժական թեստեր, լուծեցին մանկավարժական տարբեր իրավիճակներ, առանձնացրին մանկավարժության արդի հիմնախնդիրներ՝ հիմնավորելով արդիականությունն ու հանդես գալով առաջարկություններով:

Մագիստրոսներին առավել բարդ առաջադրանքներ տրվեցին. մանկավարժական իրավիճակների լուծումներից զատ, նրանք ներկայացրին ՀՀ-ում առկա մանկության ժամանակակից հինախնդիրները, առաջարկեցին լուծման տարբերակներ ու մշակեցին դրանց իրականացման մանկավարժական պայմաններ:

3-րդ փուլի մասնակիցները պատրաստեցին նաև «Երեխան մարդ է և ընկեր» թեմայով քարոզներ:

Ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աիդա Թոփուզյանի նախաձեռնությամբ կազմակերպված օլիմպիադան լավագույնս անցկացվեց մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Գայանե Աղուզումցյանի և մանկավարժական գիտությունների թեկնածու, ասիստենտ Նաիրա Մարտիրոսյանի անմիջական ղեկավարությամբ, ինչպես նաև ամբիոնի մյուս բոլոր դասախոսների ակտիվ մասնակցությամբ:

«Առաջին հանրապետության 100-ամյակը հայ ժողովրդի կյանքի առաջին և ամենակարևոր շրջադարձային տարեթիվն է և մեզ պատիվ բերող տարեդարձ»,- օլիմպիադայի հաղթողների պարգևատրման ժամանակ նշեց պրոֆեսոր Աիդա Թոփուզյանը:

Վերջինս խորհդանշական համարեց հայկական առաջին հանրապետության մեկդարյա հոբելյանի առթիվ կազմակերպված օլիմպիադայի արդյունքների ամփոփումը հայ ժողովրդի հերոսամարտի պատմության հուշահամալիրում:

Պրոֆեսորն ընդծեց վերջին տարիներին Մանկավարժական համալսարանում կատարված բարեփոխումները՝ նկատելով, որ դրանում ուսանողներն իրենց լուման ևս ունեն.«Նման ձևաչափով օլիմպիադայի կազմակերպումն առաջին փորձն էր, բայց շարունակական է և միտված է ընդլայնելու աշխարհագրությունը: Մանկավարժությունը կարևոր է և պետք է լավ սովորել. դուք ձեր երեխաների առաջին ուսուցիչներն ու դաստիարակողներն եք լինելու»:

Մրցանակային տեղերն ու անվանակարգերը, ազգային խորհրդանիշներով մրցանակներն ու շնորհակալագրերը գտան իրենց արժանի տերերին. առաջին տեղերը զբաղեցրին Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի բակալավրիատի 3-րդ և մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողներ Մարգարիտ Հովհանյանն ու Լուսինե Գևորգյանը, 2-րդ տեղը՝ նույն ֆակուլտետի բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանողուհի Գայանե Ավետիսյանը և Հատուկ կրթության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Հեղինե Ռոբերտի Արզումանյանը, 3-րդ տեղին արժանացան Սկզբնական կրթության ֆակուլտետի բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանողուհի Մանե Աբելյանը և Օտար լեզուների ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Սեյեդեհնասիմ Ֆաթեմին:

«Ամենաազնիվ» քարոզը ներկայացնելու համար մրցանակ ստացավ Բանասիրական ֆակուլտետի հեռակա ուսուցման մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Հովհաննես Սարգսյանը, իսկ «Լսարանի համակրանք»-ին արժանացավ Օտար լեզուների ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Ալբերտա Պիրոևային:

Օլիմպիադային ակտիվ մասնակցության համար շնորհակալագրեր հանձնվեցին նաև Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանողուհիներ Սոնա Հովհանյանին, Անի Վարդանյանին, Սկզբնական կրթության ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Իլոնա Խամբեկյանին:

Սարդարապատում համահամալսարանական մանկավարժական օլիմպիադայի արդյունքների ամփոփմանը ներկա էին նաև Պատմության և իրավագիտության, ինչպես նաև Սկզբնական կրթության ֆակուլտետների փոխդեկաններ, պատմական գիտությունների դոկտոր Սամվել Պողոսյանն ու մանկավարժական գիտությունների թեկնածու Արմինե Դալլաքյանը:

Առաջին հանրապետության կայացման, դրան նախորդած հերոսամարտերի, պատմության և այդ համապատկերում հայ մեծ քաղաքական գործիչ Արամ Մանուկյանի ազգանվեր գործունեության վերաբերյալ մանրամասնեց պատմաբան Սամվել Պողոսյանը:

«1918 թվականի մայիսյան հերոսամարտերը հայ ժողովրդին հնարավորություն տվեցին ապրել և գոյատևել, մենք պետք է կարողանանք դասեր քաղել մեր և՛ հաղթանակներից, և՛ պարտություններից, սակայն, այսօր արդեն շարունակելով զարգանալ և հզորանալ»,-իր խոսք նշեց դոկտորը:

Ուսանողների համար համալիրի Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում կազմակերպվեց էքսկուրսիա, որի ընթացքում ուսանողները ծանոթացրեց թանգարանում ցուցադրվող ցուցանմուշներին՝ հայ էթնոսի մշակութային ժառանգությանը վերաբերող պատմամշակութային արժեքներին՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը. դրանք օգնում են ճանաչելու և գնահատելու մեր անցյալն ու ավանդական արժեքները:

Ուսանողները մեծ հետաքրքրությամբ լսեցին Հայաստանի հնադարյան շրջանի եզակի առարկաների, աշխատանքային գործիքների, հայկական գորգերի, ազգային տարբեր ավանդույթների և դրանք խորհրդանշող իրերի պատմությունը:

Դասախոսների, ուսանողների, թանգարանի աշխատակիցների համար անակնկալ էին պատրաստել Երևանի Ներսես Մեծի անվան № 124 դպրոցի մի խումբ աշակերտներ՝ դպրոցի տնօրեն Նաիրա Մարտիրոսյանի, դասղեկ Անահիտ Հովակիմյանի և ուսուցիչ Շուշան Ալեքսանյանի գլխավորությամբ:

Հայրենասիրական երգը, պարն ու ասմունքն ամբողջացրին օրվա խորհուրդը՝ իմաստավորելով աշակերտ-ուսանող-մանկավարժ շարունակական կապը: