ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մրցանակ՝ ՀՊՄՀ-ի դասախոս Արսեն Առաքելյանին
11.03.2019
Մրցանակ՝ ՀՊՄՀ-ի դասախոս Արսեն Առաքելյանին

Մանկավարժական համալսարանի Հեռուստառադիոլրագրության ամբիոնի դասախոս Արսեն Առաքելյանի՝ «Հայելու միջով» ֆիլմը ռուսական «Հանդիպում» կինոփառատոնում արժանացել է մրցանակի՝ հոգևոր արժեքների պահպանման և հոգևոր մշակույթում ավանդի համար:

Ի դեպ, ֆիլմն առաջին մրցանակը ստացել էր Դնեպրոպետրովսկի միջազգային կինոփառատոնում. «Ոսկե ծիրան»-ից բացի, այն ներկայացվել է նաև միջազգային մի շարք կինոփառատոններում:

«Հայելու միջով» վավերագրական ֆիլմը արտասովոր է, քանի որ ժապավենի հերոսները չեն տեսնելու այն, իսկ ավելի ճիշտ՝ կտեսնեն ոչ սովորական ձևով: Ֆիլմի գաղափարը ծնվեց, երբ Արսեն Առաքելյանը մասնակցում էր ՀՀ վաստակավոր նկարիչ, Մանկավարժական համալսարանի Ռեժիսուրայի ամբիոնի դասախոս Մարտիրոս Բադալյանի անհատական աշխատանքների ցուցահանդեսին: Ռեժիսորի աչքից չէր վրիպել՝ մարդիկ շփվում էին, զրուցում, շնորհավորում նկարչին, բայց քչերն էին, որ դիտում էին ստեղծագործությունները: Նրանց հետ հանդիպումները, զրույցները, ցուցադրությունը կրկին դիտելու նյութերն ու կադրերը դարձան ֆիլմ, որն ապացուցում է՝ կույրերը տեսնում են ավելին, քան տեսողության խնդիրներ չունեցողները: 

«Այս ֆիլմն ավելի շատ նրա մասին է, որ նայելն ու տեսնելը տարբեր բաներ են: Մենք հաճախ նայում ենք, բայց չենք տեսնում»,-նշեց Արսեն Առաքելյանն ու հավելեց, որ ֆիլմը յուրահատուկ հիշեցում է զուգահեռ աշխարհի գոյության վերաբերյալ, որը ընբռնման և հարգանքի կարիք ունի:

Aspu.am_ի հետ զրույցում ֆիլմի ռեժիսորը խոստովանեց՝ «Հայելու միջով» ֆիլմն իրեն փոխել է, արդեն համոզվել է՝ աչքն ընդամենը գործիք է, իսկ մեր ժամանակներին պակասում է սիրտն ու հոգին: