Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ մանկավարժության ամբիոնը, ՀՊՄՀ թանգարանի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ միասին հայտարարում են ուսանող – դասախոս նախագծային աշխատանքների համահամալսարանական մրցույթ՝ նվիրված ՀՊՄՀ հիմնադրման 100 ամյակին:
Նախաձեռնության կարևորությունը –19-րդ դարում ակտիվ գործունեություն ծավալած արևմտահայ վարժարաններն ու դպրոցներն անգնահատելի ժառանգություն են մեզ փոխանցել՝ դառնալով ազգային դաստիարակության զարգացման, սերունդների կրթության ու կայացման վառ օրինակ: Դրանցից որոշները, շնորհիվ հայկական սփյուռքի բարեգործական կազմակերպությունների, մինչ օրս էլ շարունակում են իրենց գործունեությունը՝ հայկական սփյուռքում մնալով հայապահպանության կարևոր կենտրոններ։ 21-րդ դարի տեսլականներում հայության մրցունակ դերի պահպանման տեսանկյունից, խիստ արդիական է ազգային կրթադաստիարակչական ավանդույթների վերհանումը, կրթական գործի այնպիսի գործիչների արժևորումը՝ ովքեր սովորել, ապա շարունակել են սերունդներ կրթել այդ նույն վարժարաններում:
Մրցույթի կազմակերպիչները ժամանակակից մանկավարժությունը դիտարկում են, որպես համագործակցային մասնագիտություն։ ժամանակակից կրթության զարգացման տեսլականներին ընդառաջ՝ որպես նորարարական կրթական մոտեցումների ջատագովներ նրանք հատկապես կարևորում են ապագա ուսուցիչների կողմից նախագծային ուսուցման կազմակերպման առանձնահատկությունների տիրապետումը։
Նախաձեռնության նպատակն ու խնդիրները – Հարստացնել հայ մանկավարժության պատմությունը, ներկայացնել արևմտահայ կրթօջախների և հայ մտավորականության առաջադեմ գործունեությունը, ընդգծել կրթության դերը՝ հասարակությունը վերափոխելու գործում, նպաստել ապագա ուսուցիչների մանկավարժական մտածելակերպի և ազգային ու մարդկային արժեհամակարգի ձևավորմանը, նրանց կողմից արդի կրթական տեխնոլոգիաների յուրացմանը և խրախուսել ուսանող-դասախոս համագործակցությունը միասին նոր գիտելիք ստեղծելու գործում:
Մասնակցությունը – Մրցույթին կարող են մասնակցել ՀՊՄՀ բոլոր ուսանողները, ասպիրանտները, հայցորդները և դասախոսները։ Պարտադիր պայմանն այն է, որ յուրաքանչյուր խմբում պետք է լինեն առնվազն մեկ դասախոս և 5 սովորող։
Հայտագրում – Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության հայտն ուղարկել Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի մանկավարժության ամբիոնի էլ. հասցեին՝ pedagogy08@aspu.am 2022թ.-ի դեկտեմբերի 22-ից մինչև 2023թ.-ի հունվարի 10-ը։ Նախագծի կատարման և ամբողջական բովանդակության մասին փաթեթը ՀՊՄՀ մանկավարժության ամբիոն ներկայացնելու վերջին ժամկետն է՝ 2023 թվականի ապրիլի 1-ը:
Արդյունքների ամփոփում և պարգևատրում – 2023թ. ապրիլի 1-20-ը մրցութային հանձնաժողովը կուսումնասիրի և կընտրի լավագույն 3 նախագծերը:
Մրցույթի ամփոփումը տեղի կունենա 2023թ.ապրիլի 23-ին՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Մրցութային հանձնաժողովը կհրապարակի հաղթողներին՝ առաջին, երկրորդ, երրորդ տեղերը գրաված նախագծերի հեղինակներին, որոնք կարժանանան խրախուսական պարգևների,իսկ գիտական արժեք ունեցող նախագծերը կհրապարակվեն:
1․Նախագծի կառուցվածքը և բովանդակությունը -ներածություն տրվում է նախագծային աշխատանքի ընտրված թեմայի արդիականության հիմնավորումը, նախագծի նպատակը և խնդիրները , ընտրված կրթօջախ/ներ/ի խմբի պատմությունը:
2.Նախագծային աշխատանքի պլանավորումը- տրվում է նախագծի նախապատրաստման և իրականացման աշխատանքային պլանը՝ միջոցառման բովանդակությունը, անցկացման ժամկետը և պատասխանատու անձը:
3.Նախագծային հետազոտության մեթոդաբանությունն ու ընտրված կրթօջախ/ներ/ի կրթության բովանդակության յուրահատկությունների բացահայտումը:
4.Նախագծային աշխատանքի արդյունքների վերլուծությունը և համամարդկային կրթության բնագավառում ընտրված կրթօջախ/ներ/ի ներդրման բացահայտումը։
5․Նախագծային աշխատանքի ներկայացումը և ընտրված կրթօջախ/ներ/ի պատմության արժևորումը։
Նախագծի գնահատման չափանիշներն են.
- Նախագծային աշխատանքի թեմատիկայի արդիականության հիմնավորվածությունը/20 միավոր/։
- Համագործակցային եղանակով ստացված նոր գիտելիքների առկայությունը/20միավոր/։
- Իրականացված հետազոտության հստակությունը, ամբողջականությունն ու ինքնատիպությունը/20միավոր/։
- Ստացված արդյունքների նշանակությունը հասարակության վերափոխման տեսանկյունից/20միավոր/։
- Ներկայացման և հանրային խոսքի մշակույթը /20միավոր/։
Նախագծերի ներկայացման ձևաչափը-Նախագիծը մինչև 7էջ ծավալով ներկայացնել А4 ձևաչափով: Լուսանցքները՝/Normal/ վերևից և ներքևից 1սմ, աջից 1,5սմ և ձախից 2,5սմ: Տողերի միջև հեռավորությունը՝ 1.5, տառատեսակը՝ Sylfaen, տառաչափը՝ 12: Նախագծի թեմայի վերնագիրը՝ Bold, տառաչափը՝ 14, հավասարեցումը՝ կենտրոնական, անհրաժեշտ է թողնել մեկ բաց տող: Հեղինակների ազգանունը, անունը, հայրանունը, Ֆակուլտետը, կուրսը,մասնագիտությունը Bold, Italic, տառաչափը՝ 12, թողնել երկու բաց տող: Հղումները ներկայացնել՝ [1, 2-5]տեսքով: Գրականության ցանկը և PP ներկայացումը ներկայացնել աշխատանքի վերջում/ դրանք չեն մտնում ընդհանուր ծավալի մեջ/: Այլ նյութերը /նկարներ, դիագրամներ և այլն/ ներկայացնել հավելվածի ձևով: