ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Մշակութային արժեքների պահպանումը ազգանվեր գործ է»
12.12.2018
«Մշակութային արժեքների պահպանումը ազգանվեր գործ է»

ՀՊՄՀ-ի Հայոց պատմության ամբիոնի նախաձեռնությամբ հայկական հուշարձանների ներկայիս վիճակի, պահպանության, առկա խնդիրների վերաբերյալ բուհում կազմակերպվել էր հանդիպում-քննարկում:

Ձեռնարկի ընթացքում անդրադարձ եղավ հայկական պատմական ժառանգությանը, դրանց շուրջ հնագիտական ձեռքբերումներին, ինչպես նաև պատմամշակութային հուշարձանների անխաթար պահպանությանն ու դրանց հանրահռչակմանը: 

Միջոցառմանը մասնակցում էին Մանկավարժական համալսարանի և Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի ուսանողներ, մի շարք դպրոցների աշակերտներ: 

Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը ողջունեց ներկաներին՝ կարևորելով նման միջոցառումների դերը ուսանողների և աշակերտների համար։ Էդգար Հովհաննիսյանը վստահեցրեց՝ գիտագործնական դասի շրջանակներում նման միջոցառումներ պարբերաբար են կազմակերպվում պատմական տարբեր հուշարձաններում, ինչի շնորհիվ ուսանողները գործնականում են ծանոթանում պատմությանը։

Վերջինս հույս հայտնեց, որ ձեռնարկը կլինի ուսուցողական և հետաքրքրություն կառաջացնի հանդիպմանը ներկա աշակերտների համար նաև մասնագիտական կողմնորոշման հարցում։

Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանն էլ, խոսելով Հայաստանում գրանցված շուրջ 25 000 հուշարձանների մասին, վստահեցրեց, որ ամեն տարի միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովը, հուշարձանների պահպանության գործակալությունը և գիտական խորհուրդը պարբերաբար ուսումնասիրում և ավելացնում են հուշարձանների թիվը։

«Ներկայումս ամենակարևորն այն է, որ ունեցածը կարողանանք փոխանցել հաջորդ սերունդներին»,-նշեց պրոֆեսորն ու ներկաներին հորդորեց չապրել միայն անցյալով և մեծ մղումով շարունակել մշակութային արժեքների պահպանման ազգանվեր գործը:

Ամբիոնի վարիչը վստահեցրեց նաև, որ Մանկավարժական համալսարանը պատրաստ է գործընկեր կազմակերպությունների հետ ձեռնարկել ուսանողներին, ապագա մասնագետներին հետաքրքրող հարցերի շուրջ քննարկումներ:

Ներկաներն անդրադարձան մի շարք անհագստացնող հարցերի, մասնավորապես՝ հարևան, բայց ոչ բարեկամ երկրներում հայակական պատմամշակութային ժառանգության պահպանության և հուշարձանախմբերի կարգավիճակին, պատմական Հայաստանի տարածքում գտնվող նկիսակառույց հուշարձանների հետագա պահպանման և ոչնչացումից խուսափելու հնարավոր ուղիների մասին և դիտեցին պատմական Հայաստանում նկարահանված պատմամշակությաին հուշարձանների մասին պատմող տեսաֆիլմ:

Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել էր Մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի, Ցուցադրությունների կազմակերպման և դրանց հանրահռչակման բաժնի և Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայոթյան նախաձեռնությամբ: