ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մշակութային երկխոսություն՝ շուրջ 50 երկրի ներկայացուցիչների մասնակցությամբ
11.09.2018
Մշակութային երկխոսություն՝ շուրջ 50 երկրի ներկայացուցիչների մասնակցությամբ

Օրերս Թաթարստանի մայրաքաղաք Կազանում անցկացվեց միջազգային մեծաբասշտաբ համաժողով՝ նվիրված  մշակույթների փոխազդեցությանն ու երկխոսությանը, ինչպես նաև հոգևոր-մշակութային արժեքների հանդեպ հանդուրժողականությանը:

Մանկավարժական համալսարանից ֆորումին մասնակցում էին Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանն ու Թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի դասախոս Լիանա Գևորգյանը:

50 երկրի շուրջ 200 ներկայացուցիչներ չորսօրյա համաժողովի ընթացքում գիտական զեկույցների շրջանակներում քննարկեցին միջմշակութային փոխհարաբերություններն ու երկխոսության անհրաժեշտությունն ու կարևորությունը: 

Ի դեպ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ անցկացվող ձեռնարկի շրջանակներում Սվյաժեսկ քաղաքում բացվեց 17-րդ դարի հնության փայտի հնագիտական թանգարան:

ՀՊՄՀ-ի ներկայացուցիչները ֆորումի օտարազգի մասնակիցներին ներկայացրին Մեծամորի հնագիտական հուշարձանների և արգելոց-թանգարանի հեռանկարների մասին:

Պրոֆեսոր Փիլիպոսյանն aspu.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ Մոլդովայի, Ղրղզստանի և Թաթարստանի ներկայացուցինչը մեծ հետաքրքրություն դրսևորեցին հայկական պատմամշակութային հնագիտական արժեքների հանդեպ և հանդես եկան համատեղ աշխատելու առաջարկներով:

«Չնայած Հայաստանը մասնակից երկրների շարքում ամենափոքրն է, սակայն այս ոլորտում լուրջ ասելիք ունի. մեր երկրում խիտ են տեղաբաշխված պատմամշակութային ժառանգության անշարժ հուշարձանները՝ շուրջ 25 000»,-նշեց պրոֆեսորն ու հավելեց, որ Բոլգար քաղաքի պատմամշակութային կենտրոն-արգելոց թանգարանին առաջարկվել է համատեղ մշակել Մեծամորի, Լճաշենի, Լոռի բերդի տարածքներում պեղված 3,5 հազար տարվա պատմություն ունեցող փայտե իրերը:

Խոսելով ֆորում արդյունավետության մասին՝ Աշոտ Փիլիպոսյանն ուրախությամբ նկատեց, որ նման ձեռնարկներին մասնակցությամբ մեծանում է տարբեր երկրների հնագետների հետաքրքրությունը մեր երկրի հնագույն պատմության ու մշակույթի հանդեպ: