6 տարի տևած հիմնանորոգումից հետո Մայր Տաճարը կբացի իր դռները․ սեպտեմբերի 28-ին և 29-ին նախատեսված են Մյուռոնօրհնության և Մայր տաճարի վերաօծման արարողությունները։
Համահայկական նշանակություն ունեցող իրադարձություններին ընդառաջ՝ այսօր Մանկավարժական համալսարանում «Մյուռոնի խորհուրդը» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միաբան, Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։
Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպված ձեռնարկի նպատակն էր ապագա պատմաբան-մանկավարժներին մեկ անգամ ևս ներկայացնել հայ եկեղեցու ավանդույթներն ու ծիսակարգերը։
Դեկան Էդգար Հովհաննիսյանը վստահ է՝ հետաքրքիր դասախոսությունը կավելացնի ուսանողների գիտելիքները, իսկ մյուռոնի խորհրդի, դրա պատրաստման և կիրառման վերաբերյալ հետաքրքիր մանրամասները բարձրաստիճան հոգևորականից լսելը կամրապնդի իմացությունն այս ոլորտում․ «Ինքնության համար առանցքային դերակատարում ունեցող իրադարձությունները հայ ժողովրդի համար կարևոր սկիզբ կդառնան՝ ողբերգական իրադարձություններից հետո դառնալով փոքր-ինչ մխիթարություն։ Մեր ժամանակներում, երբ տարբեր խնդիրերի ենք բախվում, կարևոր է, որ եկեղեցու օգնությամբ նաև հաղթահարենք դրանք»։
Հայր Զաքարիա Բաղումյանն առաջիկա իրադարձությունները հիրավի պատմական համարեց. Մայր Տաճարը օծվել է 303 թվականին և դարեր անց կրկին կատարում ենք վերաօծում։ Հայր սուրբը խոսեց Սուրբ Էջմիածնի խորհրդի և վերականգման աշխատանքների մասին։ Նա խոստովանում է՝ նորոգությամբ վերահաստատվեցին հայ պատմիչների նկարագրությունները Մայր Տաճարի մասին․ այն մեր հոգու ծննդավայրն է, ունի յուրահատուկ էներգետիկա և հետաքրքրություն է առաջացնում նաև օտարների համար։
Հայր Զաքարիան խոսեց նաև առաջիկա մյուռօրհնության, մյուռոնի պատրաստության, խորհրդի, արարողությունների մասին՝ ընդգծելով, որ այն միավորող զորություն ունի․ բոլորս, անկախ նրանից, թե որտեղ ենք ապրում, դառնում ենք մեկ, կապվում մեր առաջին հայրապետի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի, իսկ ըստ ավադության՝ նաև Սուրբ Թադևոս առաքյալի հետ․ «Մենք գործ ունեք մի երևույթի հետ, որը մեզ կապում է անցյալի, ներկայի և ապագայի հետ։ Մյուռոնի խորհուրդն ախզելիորեն կապված է Սուրբ Էջմիածնի հետ․ ժամանանակից մարդու լեզվով ասած, այն մեր պատմական հիշողության կրիչն է»,-նշեց բանախոսն ու հավելեց՝ Հայ առաքելական եկեղեցու անդամ լինելը ոչ միայն հոգևոր արժեքային համակարգ է, այլ մեր էությունն ու ինքնությունը, որի մեջ է ստեղծվել և եղել նաև մեր հոգևոր ժառանգությունը։
Հայր Սուրբն ապագա մանկավարժներին հորդորեց ճանաչել սեփական ինքնությունն ու որպես կրթության առաքյալներ՝ իրենց մեջ կրել արժեքներն ու դրանք փոխանցել սերնդեսերունդ։ Դասախոսության ավարտին ներկաներն իրենց հարցերն ուղղեցին Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանին։