ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հենակետային վարժարանում բացվեց համակարգչային լսարան
15.02.2012

Փետրվարի 15-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ հենակետային (ավագ դպրոց) վարժարանում բացվեց համակարգչային տեխնիկայով կահավորված լսարան:

Վարժարանի աշակերտները մեծ անհամբերությամբ էին սպասում լսարանի բացմանը:
Այն անհրաժեշտություն էր, քանի որ մինչ այժմ հենակետային վարժարանի աշակերտներն օգտվում էին մանակավարժական համալսարանի տեխնիկական հնարավորություններից:
Լսարանի կարմիր ժապավենը կտրեցին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն ու մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը։ Կարեն Ավագյանը լրագրողների հետ զրույցում նկատեց. «Այսօր դժվար է պատկերացնել որակյալ, լավ կրթությունն առանց նյութատեխնիկական բազայի: Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, կարևորելով դա, ծրագիրը սկսել է հենց այս դպրոցից»:
Համակարգչային լսարանի բացումը հատկապես ուրախացրել է ինֆորմատիակայի ուսուցչուհի Ռուզաննա Խաչատրյանին. «Ցանկալի կլիներ, որպեսզի համակարգիչների թիվն ավելին լիներ: Ստացված նոր համակարգիչների հնարավորությունները վստահություն են ներշնչում, որ դասերը կընթանան ավելի բովանդակալից ու արդյունավետ, իսկ նոր նյութը ավելի հեշտությամբ կյուրացվի»:
Նույնչափ ոգևորված են աշակերտները. նոր համակարգիչներով գրված առաջին նախադասությունները շնորհակալական խոսքեր են պարունակում:
Ապագա նկարչուհի, հենակետային վարժարանի 11-րդ դասարանի աշակերտուհի Անահիտը երջանիկ է, որ այսուհետ կունենա հնարավորություն դասերը պատրաստել համակարգչի օգնությամբ:
Դասընկերոջ ուրախությունը կիսում է նաև Տիգրանը, ով 21-րդ դարն այլևս չի պատկերացնում առանց համակարգչի: Կարևորում է համակարգիչների առկայությունը դասապրոցեսում և կոչ է անում դասընկերներին` բաց չթողնել ընձեռված հնարավորությունը:
Մանկավարժական համալսարանի ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Արմեն Թամազյանն աշակերտներին ուղղված իր խոսքում նկատեց. «Սա մեծ նվեր է Հայակական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանի աշակերտների համար: Ուսումանական պրոցեսը համակարգված անցկացնելու համար արվում է ամեն ինչ և որոշ ժամանակ անց վարժարանը կդառնա լավագույնը հանրապետությունում»:
Հիշեցնենք, որ ՀՀ Կառավարության 2011թ դեկտեմբերի 29-ի որոշմամբ Վ.Թոթովենցի անվան թիվ 57 hիմնական դպրոցը հատկացվեց մանկավարժական համալսարանին, իսկ հունվարի 23-ից հենակետային (ավագ դպրոց) վարժարանի դասերը անցկացվում են հենց այդ շենքում:
Հենակետային վարժարանում ֆիզիկամաթեմատիկական, բնագիտական, հումանիտար և տնտեսագիտական հոսքերից բացի գործում են նաև մշակութային (ռեժիսուրա, օպերատորություն, գեղարչվեստական լուսանկարչություն, նկարչություն-դիզայն) և հոգեբանամանկավարժական (հոգեբանություն, լրագրություն) հոսքեր:
Վարժարանի 10-12-րդ դասարաններում այժմ սովորում է 330 աշակերտ: 110 աշակերտ էլ ունի Թոթովենցի անվան հիմնական դպրոցը, որի սաները ևս կօգտվեն համակարգչային լսարանից։