Փետրվարի 16-ին մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում տեղի ունեցավ Հայաստանի ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, օպերատոր-ռեժիսոր Սերգեյ Իսրայելյանի անվան արվեստանոցի բացումը:
Բացման արարողությանը ներկա էին համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, արվեստագետի ընտանիքի անդամները: Բացման պատիվը մեծ մտավորականի թոռանն էր, որը կտրեց արվեստանոցի կարմիր ժապավենը :
Վարպետի այրի Անահիտ Համբարձումյանը տարիներ հետո հայտնվելով ամուսնու աշխատավայրում` զգում է նրա շունչը: Նա ընտանիքի համար շատ պատմական ու նշանակալի է համարում այն փաստը, որ արվեստանոցի ժապապավենը կտրեց թոռնիկը: Տիկին Անահիտը հպարտ էր, որ դահլիճը լի է երիտասարդներով, որոնք ճանաչում և գնահատում են Սերգեյ Իսրայելյանի վաստակը:
Բացման խոսքով հանդես եկավ մանակավարժական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը: «Առիթը, որ այսօր հավաքվել ենք, հուզիչ է, նաև խորհրդանշական: Արվեստանոցի բացումը հնարավորություն կտա ևս մեկ անգամ հարգանքի տուրք մատուցել մեր արվեստի անվանի գործիչ, պրոֆեսոր Սերգեյ Իսրայելյանին»:
Համալսարանի ռեկտորն այստեղ սովորողներին մաղթեց ծիծաղ, քիչ արցունքներ` այն էլ մասնագիտությանը հատուկ` արհեստական:
«Չափազանց անհանգիստ մարդ,- այսպես բնորշեց կինոգետ Սուրեն Հասմիկյանը Սերգեյ Իսրայելյանին և ավելացրեց,- խնձորների հայտնի դրվագը «Նահապետ» ֆիլմում բնութագրում է նրա ողջ ստեղծագործական ուղին»:
Կինոռեժիսոր, օպերատոր Էդուարդ Համբարձումյանը սովորել է մանակավարժական համալսարանում: Նա այն երջանիկներից է, ում բախտ է վիճակվել ուսանել մեծանուն օպերատորի վերջին արվեստանոցում.«Չնայած ավարտել եմ Մոսկվայի կինեմատոգրաֆի ինստիտուտը, ունեցածս գիտելիքների ողջ բազան ստացել եմ նրանից: Վարպետից ստացած գիտելիքներն ու նրա մասին պատմող վավերագրական «Սերիկ» ֆիլմը ինձ համար ճանապարհ բացեցին դեպի մեծ կինո: Սերգեյ Իսրայելյանի վախճանից հետո` 2005 թվականին, նկարահանեցի նրա կյանքի, ստեղծագործական ուղու մասին պատմող ֆիլմ»:
Ֆիլմը մասնակցել է մի շարք մրցույթների և արժանացել բազմաթիվ մրցանակների:
Միջոցառման ավարտին ներկաները դիտեցին երիտասարդ ռեժիսորի` Սերգեյ Իսրայելյանին նվիրված ֆիլմը: