ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականում շարունակվում են մագիստրոսական որակավորման քննությունները
16.02.2012

Փետրվարի 16-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Հատուկ կրթության ֆակուլտետի Շտկողական մանկավարժություն և հոգեբանություն մասնագիտության մագիստրատուրայի 2011-2012 ուսումնական տարվա շրջանավարտների մագիստրոսական թեզերի պաշտպանությունն էր:

Քննական հանձնաժողովի նախագահն էր Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի կինեզոլոգիայի ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու, դոկտոր, պրոֆեսոր Ստեփան Գրիգորյանը, տեղակալը` ուսումնական և գիտամեթոդական գործունեության համակարգման վարչության պետ, ուսումնագիտամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը:

Հանձնաժողովի անդամներ էին մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմենուհի Ավագյանը, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռոբերտ Ազարյանը, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Անահիտ Մանուկյանը, Նադեժդա Եղիազարյանը, Ռիտա Շելիևան, Վարդուհի Կատինյանը:

Պաշտպանության էին ներկայացված հետևյալ թեմաները.

Լսողության խանգարում ունեցող երեխաների գրավոր խոսքի զարգացումը առարկայագործնական ուսուցման դասերին

Լսողական ընկալման զարգացման առանձնահատկությունները լսողության խանգարում ունեցող երեխաների մոտ

Շուրթերից կարդալու մեթոդիկայի առանձնահատկությունները լսողության խանգարում ունեցող երեխաների մոտ

Լսողական խանգարում ունեցող երեխաների արտաբերման ուսուցման առանձնահատկությունները

Կապակցված խոսքի զարգացման մեթոդիկան լսողության խանգարումով երեխաների մոտ

Պաշտպանության ընթացքում շրջանավարտները ներկայացրեցին թեզում առաջադրված հիմնահարցերի արդիականությունը, հետազոտության վարկածը և նպատակները, գործնական և տեսական նշանակությունները, հետազոտության ընթացքում կիրառած մեթոդները, արդյունքների վերլուծությունները:

Ուսանողները հնարավորություն են ունեցել իրենց ուսումնասիրությունները կատարել լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում` համագործակցելով տեղի ուսուցիչների հետ:

Շտկողական մանկավարժություն և հոգեբանություն մասնագիտության մագիստրատուրայի շրջանավարտ Մերի Ծերունյանը իր աշխատանքի կատարման ընթացքում հանդիպել է բազմաթիվ խոչընդոտների, սակայն դասախոսների աջակցությամբ հաղթահարել է դրանք և ստացել լավ արդյունք:

Պաշտպանության ավարտին հանձնաժողովի նախագահ Ստեփան Գրիգորյանը հայտնեց իր կարծիքը. «Բոլոր օրերինունեցել ենք տարբեր արդյունքներ, սակայն այսօր բոլորի աշխատանքներն առանձնանում են իրենց գրագիտությամբ:

Հիացած եմ հատկապես նրանց` մասնագիտական բառապաշարն օգտագործելու հմտությամբ»: Հրապարակեց նաև 5 շրջանավարտների գնահատականները` բոլորն էլ գերազանց: