ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Նոր ուսումնական ձեռնարկ իրավաբանների համար
17.02.2012
Այսօր տեղի ունեցավ ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի ղեկավար, հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս Աշոտ Եսայանի հեղինակած «Կրթական իրավունք» ուսումնական ձեռնարկի շնորհանդեսը:
Շնորհանդեսին հրավիրված էին կրթության, գիտության ոլորտի ներկայացուցիչներ, իրավաբաններ, դասախոսներ:
720 էջից կազմված հայալեզու գիրքը ճանաչվել է որպես ուսումնական ձեռնարկ բուհերի համար: Գիրքը իրավագիտության դասընթացը համակարգված շարադրելու առաջին փորձն է, բաղկացած է ընդհանուր և հատուկ մասերից:
Գրքի նորամուծությունն այն է, որ կրթական իրավունքը նոր ճյուղ է, ուր իր արտահայտությունն է գտել նախադպրոցականից մինչև հետբուհական կրթության իրավական կարգավորման խնդիրները, այդ ոլորտում օրենսդրության հաջողությունները, դրանց խոցելի կողմերը:
ՀՀ գործող օրենսդրության հիման վրա դիտարկված են կրթական իրավունքի հիմնական ինստիտուտների հասկացությունները, կրթական տարբեր աստիճանների, կրթության ձևերը, կրթական ոլորտի կառավարման տեխնոլոգիաների իրավական կարգավորման հիմնահարցերը: Աշխատության մեջ անդրադարձել է նաև կրթական իրավունքի միջազգային փորձին:
Այն ընդգրկուն և ստվարածավալ ձեռնարկ է նաև ոլորտին առնչվողների, դասախոսների և վերապատրաստվողների համար:
«Գիրքը հնարավորություն կտա Ձեզ առավել մանրամասն իմանալ կրթության ոլորտում ձեր պարտականությունների, իրավունքների մասին,- հավաստեց Աշոտ Եսայանն ու ավելացրեց,- շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ինձ ոգևորեցին գրքի աշխատանքները ավարտին հասցնելու համար»: