ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ուսանողական գիտական ընկերության պատմության հետքերով
12.12.2012
Ուսանողական գիտական ընկերության պատմության հետքերով
Մանկավարժական համալսարանի ուսանողները Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ հանդիպեցին բուհի «Մանկավարժ» հրատարակչության հիմնադիր- տնօրեն Կիմ Ավագյանին:
 
Բանախոսը, ով երկար տարիներ եղել է Երևանի պետական համալսարանի Ուսանողական գիտական ընկերության նախագահ, ներկայացրեց ընկերության ստեղծման պատմությունը, անցած ուղին, գիտական առաջին խմբակների, նրանց գործունեության և բարձրորակ կադրերի պատրաստման գործում ունեցած դերակատարման մասին:
  
«Համալսարանի հիմնադրման օրից կար գրականության պակաս, ուստի մի քանի ուսանող հավաքվում և օգտվում էին միևնույն գրքից: Ի սկզբանե ուսանողական գիտական խմբակների ձևավորման համար հիմք հանդիսացան ուսանողների նմանատիպ աշխատանքային խմբերի առկայությունը: Խմբակի անդամների կողմից ընտրվում էր թեմա, որի շուրջ ծավալվում էին քննարկումներ:Դրան հաջորդում էին աշխատանքի վերաբերյալ հրատարակումների նախապատրաստումը: Այնուհետև ամբիոններին կից ստեղծվեցին Ուսանողական գիտական աշխատանքները կարգավորող խմբակներ ուսանողական հետազոտական խմբեր»,-նշեց Կիմ Ավագյանը:
 
Վերջինս կարևորեց այն, որ ուսանողները ներգրավված էին հատուկ հետազոտական խմբերում: Բավականին հայտնի գիտնականեր, ականավոր մարդիկ իրենց գործունեությունը սկսել են հենց գիտական խմբակների և ուսանողական գիտական ընկերության շարքերում` դեռևս ուսանողական տարիներին ցուցաբերելով բարձր ակտիվություն և հետազոտական կարողություններ:
 
Հանդիպման ընթացքում ուսանողներն ակտիվ հարցադրումներով փորձեցին պարզել նաև Ուսանողական գիտական ընկերության ավանդույթները:
 
Այն հարցին, թե ինչպես է գնահատում ներկայիս ուսանողության ներգրավվածությունն ու հետաքրքրվածությունը գիտական աշխատանքներին, Կիմ Ավագյանն ընդգծեց. «Նախկինում կարևորվում էր մարդկանց կենդանի շփումը, որն ավելի օգտակար էր: Տեխնիկայի զարգացմանը զուգընթաց ուսանողների գիտակցական շեմը նվազել է` չնայած ուսանողների մի ստվար զանգված այսօր էլ հավատարիմ է մնում նախկին ավանդույթներին»: