ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կհանձնեն ավարտական մեկ քննություն
20.02.2012

Կհանձնեն ավարտական մեկ քննություն
Վերջերս Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանակավարժական համալսարանի ղեկավարությունը շրջանավարտների քննությունների վերաբերյալ ընդունեց նոր կարգ:
Դրա համար հիմք հանդիսացան ռեկտորի կազմակերպած շրջացայցերը ֆակուլտետներով և հանդիպումները ուսանողների հետ :
Մի շարք հանգամանքներ հաշվի առնելով` որոշվեց 2011-2012 ուսումնական տարվա շրջանավարտների համար սահմանել ավարտական մեկ ամփոփիչ քննություն` բանավոր կամ գրավոր:
«Նախկինում նախատեսված էր երկու-երեք քննություն, ինչն ավելի էր բարդացնում ինչպես կազմակերպչական պրոցեսը, այնպես էլ ուսանողների պարապմունքները»,-ասում է ուսումնական և գիտամեթոդական գործունեության համակարգման վարչության պետ, ուսումնագիտամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը:
Նոր կարգի ընդունումը բուռն քննարկումների առիթ է դարձել ուսանողների շրջանում. կարծիքները տարբեր են: Շատերը ոգևորված են նոր քննակարգով, մյուսները` մտահոգված:
Ինֆորմատիկայի 4-րդ կուրսի ուսանող Արմեն Հովհաննիսյանի համար որոշումն անսպասելի է եղել, և ինքը դեռ չի կարողանում հասկանալ` ի շահ ուսանողի է, թե ոչ, որովհետեւ, ըստ նրա, «նախկինում գոնե ժամանակ ունեինք պարապել, իսկ հիմա դժվարանում եմ պատկերացնել `ինչպես ենք հասցնելու»:
Արփինե Ամալյանը չի կիսում համակուրսեցու կարծիքը: Ուրախ է, որ մեկ օրում կարող է հանձնել քննություններն ու վերջ դնել քննական լարվածությանը:
Համալսարանի պրոռեկտորը դժվարանում է այս քայլը դիտարկել իբրև կոռուպցիայի դեմ պայաքարի միջոց, սակայն չի բացառում, որ այն կարող է տանել դրա ռիսկերի նվազեցմանը: Նշում է. «Համալսարանն ամեն ինչ անում է կոռուպցիան բացառելու համար»:
Այսուհետ նաև հնարավորություն կտրվի ուսանողներին բողոքարկել ամփոփիչ քննությունների գնահատականները մեկ ժամվա ընթացքում: Օրենքի պահանջով` կձայնագրվի քննությունների ողջ ընթացքը:
Քննությունների նոր կարգն ամբողջությամբ ներկայացված է ստորև:
Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ՌԵԿՏՈՐ
Թիվ _____ _____._____._2012թ.

Հ Ր Ա Մ Ա Ն

Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ 2011-2012 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍԱՏԱՎՈՐՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի հոկտեմբերի 13-ի թիվ 1197-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման անցկացման» կարգով և ելնելով շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման անցկացման համակարգված կազմակերպման անհրաժեշտությունից`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.
1. Համալսարանի 2011-2012 ուսումնական տարվա շրջանավարտների համար սահմանել մեկ ամփոփիչ (միջառարկայական) քննություն:
2. Ամփոփիչ քննության քննաթերթերում ընդգրկել յուրաքանչյուր առարկայից մեկական հարց: Քննաթերթերում կարող է ընդգրկվել նաև գործնական մինչև երկու հանձնարարություն: Քննաթերթում չեն կարող ընգրկվել հինգից ավելի հարցեր և գործնական հանձնարարություններ:
3. Շրջանավարտի պատասխանի գնահատումն իրականացնել յուրաքանչյուր հարցի համար առանձին` վերջնական գնահատականը որոշելով բոլոր հարցերի միջին թվաբանականով:
4. Առաջնորդվել քննաթերթիկում ընգրկված բոլոր հարցերի հավասարազորության սկզբունքով:
5. Սահմանել ավարտական աշխատանք պաշտպանած շրջանավարտի` քննաթերթիկում ընդգրկված այն առարկայի հարցերին չպատասխանելու իրավունքը, որից շրջանավարտը ավարտական աշխատանք է պաշտպանել:
6. Ամփոփիչ քննության յուրաքանչյուր խմբում քննությանը մասնակցող շրջանավարտների առավելագույն քանակը սահմանել 20 ուսանող:
7. Յուրաքանչյուր ամփոփիչ քննության համար ապահովել նվազագույնը 40 քննաթերթեր:
8. Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախորդ տարիների շրջանավարտների համար անց է կացնում առանձին ամփոփիչ քննությունների վերահանձնում միայն այն առարկաներից որոնց քննությանը չեն ներկայացել կամ ստացել են <անբավարար> գնահատականներ և որոնք նախատեսված են եղել նրա ավարտման տարում գործող ուսումնական պլանով:
9. Համալսարանի դեկաններին՝
1) մեկ շաբաթյա ժամկետում մասնագիտական ամբիոնների կողմից կազմված ամփոփիչ քննությունների հարցաշարերը հաստատել ֆակուլտետների խորհուրդներում և ապահովել դրանց տեղադրումը համալսարանի կայք էջում,
2) մինչև 2012 թվականի ապրիլի 2-ը ներկայացնել առաջարկություններ ավարտական աշխատանքների, մագիստրոսական թեզերի պաշտպանության և ամփոփիչ քննությունների հանձնաժողովների անդամների թեկնածությունների վերաբերյալ:
10. Հեռակա և լրացուցիչ կրթության գծով պրոռեկտոր պարոն Տ.Այվազյանին՝ մեկ շաբաթյա ժամկետում համապատասխան փոփոխություններ կատարել ուսումնական պլաններում:
Ռուբեն Միրզախանյան