ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կամավոր ուսանողների ցուցակները պատրաստ են
21.02.2012

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը ձեռնամուխ է եղել ՀՀ կառավարության «Զինծառայողի կրթական կարիքների գնահատման հետազոտություն եւ կրթական ծրագրերի իրականացում ՀՀ ԶՈՒ զորամասերում» ծրագրի կյանքի կոչմանը:

Հիշեցնենք, որ ծրագրի նպատակն է զինծառայողի ծառայության վերջին ամիսների ընթացքում ուսումնասիրել կրթության նկատմամբ նրա հակումներն ու նախասիրությունները, ունակություններն ու կարողությունները, կրթությունը շարունակելու նպատակամղվածությունը, եւ հիմք ընդունելով հետազոտության արդյունքները` նախանշել յուրաքանչյուր զինծառայողի համար կրթական կարիքների կազմը, զորացրվող զինծառայողների մասնագիտական հմտություների եւ առանձին ուսումնական առարկաների գծով գիտելիքների զարգացումն ու նրանց նախատրաստումը` ՀՀ բուհերում, նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումը շարունակելու համար:

Գործընթացն առավել ամբողջական և արդյունավետ դարձնելու համար աշխատանքները կազմակերպվում են զուգահեռ-հաջորդական սկզբունքով:

Ծրագրի կրթական բաղադրիչը համակարգում է Հայկական պետական մանկավարժական համալսարանը` միջբուհական կոնսորցիումի բուհերի հետ համատեղ` Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտ, Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան մանկավարժական ինստիտուտ, Գավառի պետական համալսարան, Գորիսի պետական համալսարանը, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ, Արցախի պետական համալսարան/ դիտորդի կարգավիճակով/:

Կառավարության հաստատած ծրագրի շրջանակում հայկական պետական մանկավարժական համալսարանն արդեն իրականացրել է մանկավարժականի եւ միջբուհական կոնսորցիումի բուհերի ուսանողների հավաքագրման, նրանց անձնական գործերի կազմման աշխատանքները:

«Արդեն պատրաստ են կամավոր ուսանողների` վոլոնտյորների, ցուցակները, որոնք պատրաստակամություն են հայտնել աշխատել ծրագրի շրջանակներում: Այդպիսի 150 ուսանող կա, որոնց անհատական գործերը պատրաստ են»,- տեղեկացնում է կազմակերպչական հարցերը համակարգող, մանկավարժական համալսարանի մասնագիտական որակավորումների բարձրացման եւ կրթության ոլորտում համագործակցության կենտրոնի ղեկավար Նաիրա Հակոբյան: Նա հայտնեց նաեւ, որ Պաշտպանության նախարարության հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն` աշխատանքների կազմակերպման գործընթացի վերաբերյալ:

Իսկ ծրագրի իրականացման ժամկետները դեռ հստակեցման փուլում են: