ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մեկ օր զինվորի կյանքով
27.12.2012
Ամանորյա տոների նախաշեմին Պատմության և իրավագիտության ֆակուլտետի Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ իրավագիտություն (մանկավարժություն) բաժնի առաջին կուրսի ուսանողներն այցելեցին Լուսակերտի N զորամաս:
Զորամասում ուսանողներն արժանացան ջերմ ընդունելության: Հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ գնդապետ Մկրտչյանն անչափ կարևորեց ուսանողների նմանատիպ նախաձեռնությունները՝ նկատելով, որ յուրաքանչյուր նման միջոցառում ավելի է ամրապնդում բանակ-հասարակություն կապը. «Նման այցելությունն իսկական անակնկալ էր մեզ համար. առաջին անգամ բուհի ուսանողները մեր զորամասում փորձում են մեկ օր օր ապրել զինվորի կյանքով՝ հետաքրքիր դարձնելով նրանց առօրյան ևս:
Մեր զորամասի զինվորներից շատերը տարբեր բուհերի ուսանողներ և շրջանավարտներ են. նրանք մեծապես կապված են գիտության, հետևապես նաև գրքի հետ»:
Ուսանողները օրվա մեծ մասը անցկացրեցին զորամասում, զինվորների և հրամանատարական անձնակազմի ուղեկցությամբ շրջեցին զորամասի տարածքում, ծանոթացան զորամասի առօրյային:
Այցելության վերջում ուսանողները ճաշեցին զիվորական ճաշարանում, ապա մատուցեցին իրենց անակնկալը՝ զորամասին նվիրաբերելով շուրջ 200 անուն գիրք, որոնք հավաքվել էին ուսանողների նախաձեռնությամբ:
Այցի ավարտին երկուստեք որոշվեց նման հանդիպումները դարձնել ավանդական և համատեղ կազմակերպել գիտական, ժամանցային միջոցառումներ: