ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ուսանողները հանդիպեցին Սմբատ Լպուտյանի հետ
22.02.2012
Ուսանողները հանդիպեցին Սմբատ Լպուտյանի հետ
Այսօր մանկավարժական համալսարանի առաջին կուրսի ուսանողներին անակնկալ էր սպասվում. տեղի էր ունենալու հանդիպում հայ անվանի շախմատիստ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, Հայաստանի շախմատի ակադեմիայի տնօրեն, ԽՍՀՄ սպորտի վարպետ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, գրոսմայստեր և վերջերս մանկավարժական համալսարանի շախմատի և սպորտի ամբիոնի վարիչ նշանակված Սմբատ Լպուտյանի հետ:
 
Հանդիպման նպատակն էր բուհի ուսանողներին ծանոթացնել ֆիզիկակական կուլտուրայի ամբիոնի հենքի վրա ստեղծված նորաստեղծ շախմատի և սպորտի ամբիոնի առջև դրված խնդիրներին, ներկայացնել առաջիկայի անելիքները:
 
«Կարծում եմ` կարևոր է ևս մեկ անգամ բարձրաձայնել, թե ինչ մեծ կարևորություն ունի սպորտը հասարակական կյանքում և մարդու ձևրավորման վրա,- ասաց սպորտի մեծ վարպետն ու ավելացրեց,- պետք է ուսանողների ուշադրությունը հրավիրել այդ առարկայի վրա ու հասնել նրան, որ ուսանողի համար կարևորվի նրա ֆիզիկական պատրաստվածությունը»:
 
Ուսանողների հետ առաջին հանդիպումից գրոսմայստերը ոգևորված է։ Նրա կարծիքով, նմանատիպ հանդիպումները ջերմացնում են ուսանող-դասախոս հանդիպումները:
 
Ակտիվ երկխոսության միջոցով ուսանողները ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները:
 
Ապագա մանկավարժներին ոգևորեց այն, որ այսուհետ իրենք երկու տարի շարունակ պարտադիր անցնելու են շախմատի դասընթաց, ստանալու են շախմատի ուսուցչի որակավորում և իրենց մասնագիտությանը զուգահեռ՝ դասավանդելու են դպրոցում:
 
Նորանշանակ ամբիոնի վարիչը տեղեկացրեց, որ առաջիկայում շախմատի և սպորտի ամբիոնը պատրաստվում է մասնակցել մի շարք մրցույթների:
 

Ի դեպ, մարտի 19-ին մանկավարժական համալսարանի կանանց հավաքականը կմասնակցի վոլեյբոլի մրցաշարին: