Տարվա ավարտը բեղմնավոր էր «Սփյուռք»գիտաուսումնական կենտրոնի համար: Տոներից ընդամենը օրեր առաջ Գրողների միության դահլիճում տեղի ունեցավ սփյուռքահայ
գրականության ակնառու ներկայացուցիչ, Ասալլայի հիմնադիր Գևորգ Աճեմյանի«Գեղարվեստական երկեր»խորագիրը կրող երկհատոր գրքի շնորհանդեսը:
Գիրքը լույս էր ընծայվել ընտանիքի՝ մասնավորապես կնոջ՝ Վերա Աճեմյանի և Մանկավարժական համալսարանի «Սփյուռք»գիտաուսումնական կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանի համատեղ ջանքերով: Վերջինս նաև գրել էր գրքի առաջաբանը:
Գրքի շնորհանդեսին ներկա էին Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ, Բանասիրական գիտությունների դոկտոր ,պրոֆեսոր Սամվել Մուրադյանը, ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ, Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաքապետոյանը, դասախոսներ Կիմ Աղաբեկյանը, Սերժ Սրապիոնյանը, արվեստագետ, թատերագետ Լևոն Մութաֆյանը, Լոնդոնից՝ Մանվել Ադամյանը, Վաշինգտոնից՝ նրա եղբայրը՝ Ազատ Աճեմյանը, կինը՝ Վերա Աճեմյանը, ԵՊՄՀ ուսանողները, գրողի զավակներն ու բարեկամները:
Ներկաները վերհիշեցին և կիսվեցին գրողի հետ կապված հուշերով:
«Գևորգ Աճեմյանի մուտքը Հայաստան` իր հետ մաքուր օդ է բերում: Նա գալիս է գրավելու իր տեղը բարձրերի շարքում: Նա գրող է, որն ակամա դեն շպրտեց ծաղրածուի դիմակը»,- բացման խոսքում ասաց Սուրեն Դանիելյանն ու հավելեց. «Ամուսնու հոգու կրակները մեզ է փոխանցում կինը`տիկին Վերան` կատարելով նրա երազանքը»:
«Քչախոս, երբեք իր արժանիքների մասին չխոսող, բայց աշխատող և ստեղծագործող մարդ էր Աճեմյանը»,-գրողին բնութագրեց Մանվել Ադամյանը:
Շնորհանդեսի ավարտին հնչեց գրողի հայտնի խոսքը.«Ամենամեծ դատավորը գրողի համար ժողովուրդն է>>: