ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Զինվորական «բաց դաս» մանկավարժականի ուսանողների համար
23.02.2012

Այսօր Մանկավարժական համալսարանի Պատմության և իրավագիտության ֆակուլտետը հյուրընկալել էր ՀՀ Պաշտպանության նախարարության Քանաքեռի կապի գնդի զինվորներին: Թեև հանդիպումը փետրվարի 23-ին էր` խորհրդային բանակի օրը, սակայն գլխավոր նպատակն էր ևս մեկ անգամ խոսել երիտասարդ սերնդի կյանքում Հայոց նորաստեղծ բանակի կարևորության ու դերի մասին:

Հանդիպման սկզբում ներկաներին ողջունեց Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդիկ Գևորգյանը: Վերջինս հպարտությամբ նշեց, որ Քանաքեռի գնդում ծառայող ուսանողների շատերը մանկավարժական համալսարանի հենց այս ֆակուլտետի ուսանողներ են: Նրանք այդ զորագնդում աչքի են ընկնում իրենց գիտելիքներով, հայրենիքին ծառայելու նվիրվածությամբ:
Այնուհետև ուսանողներին ներկայացվեց բանակին ու հայրենիքին նվիրված զինվորների լավագույն շարադրությունները:
«Ի՞նչ է տվել ինձ բանակը» խորագրով շարադրության հեղինակ Գևորգ Սարգսյանն այժմ գտնվում է զինվորական ծառայություն մեջ: Վերադառնալուց հետո շարունակելու է ուսումը:
Երջանիկ է, որ բախտ ունի ծառայել հայրենիքին: Կարծում է, որ նմանատիպ հանդիպումները բարձրացնում են զինվորի ռազմահայրենասիրական ոգին, բանակ-ուսանողություն կապը:
ՀՀ Պաշտպանության նախարարության 2-րդ գումարտակի հրամանատար Կարեն Մելյանը ուրախ է մանակավարժականի հետ համագործակցության համար: Նա իր խոսքում նկատեց, որ բանակին հատկապես գրագետ երիտասարդներ են պետք. «Միայն լավ պատրաստվածությունն ու մարտունակությունը բավարար չէ լավ զինվոր դառնալու համար: Անհրաժեշտ է լինել հայրենասեր, հակառակ դեպքում զինվորը կվերածվի սովորական վարձկանի»:
Միջոցառման ավարտին ՀՀ Պաշտպանության նախարարության Քանաքեռի կապի գնդի կողմից երիտասարդ սերնդի կրթման և ռազմահայրենասիրական ոգով դաստիարակելու գործում մեծ ավանդի համար պատվոգրեր ստացան մանակավարժական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը, Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդիկ Գևորգյանը, Իրավագիտության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վահե Ստեփանյանը, մանկավարժական համալսարանի նախկին պրոռեկտոր, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մեժլում Երիցյանը և Հատուկ բաժնի վարիչ Կիմա Կարախանյանը:
Ի դեպ, առաջիկայում մանակավարժական համալսարանի ուսանողները կայցելեն տարբեր զորամասեր: Առաջին այցելությունը կլինի Քանաքեռի կապի գունդ: