ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ապագա մանակավարժները սովորում են դիմակայել աղետներին
24.02.2012

Քաղաքացիական պաշտպանության օրվան ընդառաջ այսօր մանկավարժական համալսարանի բժշկագիտության ամբիոնը կազմակերպել էր դասախոսություն: Թեման արտակարգ իրավիճակների դասակարգումն ու բնութագրումն էր:

Սկզբնական կրթության ֆակուլտետի Մաթեմատիկայի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի ուսանողներն այսօր հնարավորություն ունեին ևս մեկ անգամ ծանոթանալ բնական տարերային աղետների, վտանգավոր երկրաբանական, օդերևութաբանական երևույթների ժամանակ կիրառվող առաջին բուժօգնությանը:

Բժշկագիտության հիմունքների ամբիոնի դասախոս Գրետա Հովհաննիսյանը ներկա ուսանողներին մանրամասն ներկայացրեց երկրաշարժի առաջացման պատճառները, խոսեց դրա ավերիչ ազդեցության մասին, ապա համապատասխան սարքերով ցույց տվեց` ինպես առաջին օգնություն ցուցաբերել տուժածներին:

Լիլիթ Իսկանդարյանը սովորում է Մաթեմատիկայի և տարրական ուսուցման մեթոդիկայի բաժնում: Լինելով ապագա ուսուցչուհի` անչափ կարևորում է նման դասախոսությունները: Կարծում է, որ ապագայում դա շատ օգտակար կլինի:

Կուրսընկերուհու կարծիքը կիսում է Ծաղիկ Հակոբյանը. նա նման դասախոսությունները կարևորում է քաղաքացիական տեսանկյունից. « Հատկապես մեր սեյսմավտանգ երկրի համար յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է իմանալ անվտանգության կանոնները, ինչպես չմատնվել խուճապի և խուսափել ավերածություններից, զոհերից»:

Ի դեպ մանակավարժական համալսարանն արդեն վաղուց համագործակցում է ՀՀ Արտակարգ Իրավիճակների նախարարության հետ:

Նմանատիպ դասախոսություններն այստեղ նորություն չեն. դրանք կրում են շարունակական բնույթ: