ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականի թանգարանը վերակառուցվում է
24.02.2012

Մանկավարժական համալսարանի թանգարանը հիմնադրվել է 2004 թվականին պատմության ամբիոնի հենքի վրա: Թանգարանի առաջին տնօրենը եղել է Վարշամ Ավետյանը:

Նախկինում թանգարանում ներկայացված են եղել հնագիտական առարկաներ, որոնք ձեռք են բերվել տարբեր տարիների գիտաժողովների, արշավների, ուսանողական պրակտիկաների ընթացքում:
2008 թվականին որոշվեց ընդլայնել թանգարանը: Տարածք չունենալու պատճառով կազմակերպվեց բաց ֆոնդերի տարբերակը. պահարաններում դրվեցին հավաքված նյութերը: Սակայն դա իրական ցուցադրություն չէր:
Համալսարանի ողջ աշխատակազմը պատրաստակամություն հայտնեց աջակցելու նյութերի հավաքագրմանը: Այսօր արդեն նախատեսվում է համալսարանի տարածքում երեք հարմարավետ ու լուսավոր սրահներ տրամադրել թանգարանին:
Թանգարանի տնօրեն Ալվարդ Գրիգորյանը վստահեցնում է. «Մինչ օրս բուհերում գործող թանգարաններից մանկավարժականի թանգարանը կտարբերվի նրանով, որ բացի ցուցադրությունից, պատմությունը ներկայացնելուց այն ուսանողին կծանոթացնի բուհի պատմությանը:Ուսանողը պիտի իմանա, թե որ բուհում է սովորում, ինչ ավանդույթներ կան այնտեղ, ինչ մեծանուն մարդիկ են սովորել կամ դասավանդել բուհում»:
Թանգարանի ստեղծման աշխատանքներում ներգրավված են բուհի բոլոր ֆակուլտետների, ամբիոնների ինչպես ներկայիս, այնպես էլ նախորդ տարիների աշխատողներն ու շրջանավարտները:
Կուլտուրայի ֆակուլտետը, օրինակ, թանգարանին է հանձնել Ֆ.Դովլաթյանին, Ս.Իսրայելյանին, Ա.Յավուրյանին, Հ.Մալյանին վերաբերող եզակի նյութեր, որոնք շատ մեծարժեք են թանգարանի համար: Աշխատանքներում մեծ ներդրում ունեն նաև նաև նրանց ընտանիքի անդամներն ու բարեկամները:
Թանգարանի դռները բաց կլինեն բոլորի համար: Այն կօգնի ապագա ուսանող- այցելուներին կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում:
Թանգարանի նյութերի համալրումը շարունակվում է: Առաջիկայում թանգարանը հագեցած կլինի նաև նորագույն տեխնոլոգիաներով, որոնց շնորհիվ ցուցադրությունը կլինի հետաքրքիր: Կլինեն նյութեր, որոնք կներկայացվեն ֆիլմերի ձևով, որոշները` խոսքային ներկայացումների, կամ սենսորային էկրանների միջոցով:
Թանգարանը համագործակցում է նաև արտասահմանյան թանգարանների, նրանց փորձառու աշխատակիցների հետ:
Թանգարանի բացումը նախատեսվում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին`նվիրված մանակավարժական համալսարանի հիմնադրման 90 ամյակիn :