ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մեր ակադեմիկոսը` պետական մրցանակակիր
27.02.2012
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով 2011թ. տարեվերջին մի շարք արժանավոր մտավորականների շնորհվել էին Հայաստանի Հանրապետության 2011թ.

պետականմրցանակներ` հաշվի առնելով պետական մրցանակի հանձնախմբերի առաջարկությունները:Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը, սակայն տեղի է ունեցավ փետրվարի 24-ին, Նախագահի նստավայրում:

Ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառում Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական մրցանակը շնորհվեց Անանիա Շիրակացի մեդալի ասպետ, ԳԱԱ իսկական անդամ, ֆիզիկոս Էդուարդ Ղազարյանին:
Սերժ Սարգսյանը մրցանակակիրներին ուղղված իր խոսքում նկատեց.
«Պետական մրցանակների կարևորությունն ու արժեքը մեծ են մեր երկրի և հասարակության համար: Եվ մեր մրցանակակիրներն էլ մեր ժողովրդի ամենավառ անհատականություններից են, ովքեր արժանի են հասարակական գնահատանքի ու մեծարման: Այդ պատճառով է, որ մենք որոշել ենք այսուհետ մրցանակների հանձնման արարողությունը կատարել ավելի մեծ շուքով` ընդգծելու համար պետության վերաբերմունքը նրանց ու նրանց գործի հանդեպ:
Ուրախ եմ այն իրողությամբ, որ այս տարի առաջին անգամ պետական մրցանակ է շնորհվել նաև ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառում: Այս անվանակարգի բացակայությունը, կարծում եմ, սխալ էր, իսկ շտկումը` տեղին: Մեր գիտնականները պետք է իմանան, որ երկիրն ու ժողովուրդը ուշադիր են իրենց և իրենց վաստակի նկատմամբ: Հայաստանը եղել է և պետք է շարունակի լինել գիտության և առաջադեմ տեխնոլոգիաների երկիր: Այս առումով մենք զարգացման այլընտրանք չունենք: Իմ համոզմունքն է, որ հետ մնացող Հայաստան, հատկապես գիտության և կրթության ոլորտներում, պարզապես չի կարող լինել:
Շնորհավորում եմ դափնեկիրներին Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի արժանանալու կապակցությամբ:
Համոզված եմ, որ նման մակարդակի արվեստագետներն ու գիտնականները գիտակցում են այս մրցանակի լրջությունն ու պատասխանատվությունը: Մենք մեր հերթին գիտենք, որ պետական մրցանակի արժանի գործերը մեկ օրում չեն ծնվում: Դրանցից յուրաքանչյուրի թիկունքում մի ամբողջ ստեղծագործական կյանք է` որոնումներով ու անքուն գիշերներով, անկումներով ու վերելքներով: Հաջողությունը ոչ միայն աստվածատուր տաղանդի, այլև մեծ նվիրումի ու հսկայական աշխատանքի պտուղ է»:
Էդուարդ Ղազարյանն իր խոսքում հպարտությամբ ընդգծեց, որ ապրում և աշխատում է հայրենիքում և հայրենիքի համար, ու շնորհակալություն հայտնեց երկրի ղեկավարին` իրեն բարձր պատվի արժանացնելու համար: