ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՀ ԱԺ նախագահը հյուրընկալեց ապագա մանկավարժներին
01.03.2012

Փետրվարի 29-ին Ազգային ժողովի «Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարան էին այցելել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության, քիմիայի եւ աշխարհագրության ֆակուլտետի ուսանողներ եւ դասախոսներ: Ընթացող քառօրյա նիստի աշխատանքներին մասնակցելուց եւ խորհրդարանական անցուդարձին հետեւելուց հետո նրանք հանդիպեցին ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի հետ: Խորհրդարանի ղեկավարի եւ ապագա մանկավարժների միջեւ ծավալվեց ջերմ եւ անկաշկանդ զրույց. ակտիվ երկխոսության պատրաստ ուսանողներին հետաքրքրող հարցերի շրջանակը լայն էր եւ ընդգրկուն:

Հանդիպման սկզբում ԱԺ նախագահը կարեւորեց բոլոր ժամանակներում պահանջարկ ունեցող եւ հարգանք վայելող մանկավարժի մասնագիտությունը: Նա նշեց, որ պետությունը իր հնարավորության սահմաններում մշտապես քայլեր է ձեռնարկում կրթական ոլորտին առնչվող խնդիրների լուծման համար, ինչը շարունակական է լինելու: Պարոն Նիկոյանի խոսքով` լավ դպրոցը լավ հասարակություն եւ լավ պետություն ունենալու կարեւոր բաղադրիչներից է: Պետական կառավարման համակարգն ամբողջությամբ ուսանողներին հասկանալի դարձնելու նպատակով խորհրդարանի ղեկավարը խոսեց իշխանության երեք թեւերի տարանջատման եւ Սահմանադրությամբ նախատեսված` հակակշիռների ու զսպումների մեխանիզմների մասին: Քանի որ ուսանողները ներկա էին եղել ԱԺ նիստում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենսդրական փաթեթի բուռն քննարկումներին, պարոն Նիկոյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունների առանձնահատկությունները:

Անդրադառնալով ավագ դպրոցները հիմնական դպրոցից տարանջատելու խնդրին` ԱԺ նախագահը նշեց, որ կրթության համակարգի արդյունավետության խնդիր կա: Նա ընդգծեց, որ Հայաստանի համար առանձին կրթական համակարգ ունենալը ճիշտ չէ, մեր երկիրը պետք է ինտեգրվի եվրոպական կրթական համակարգին:

Համալսարանի ուսանողներին հետաքրքրող հարցերը բազմազան էին: Դրանք վերաբերում էին գյուղական դպրոցները լաբորատոր սարքավորումներով համալրելուն, մարզերում կրթության որակը բարձրացնելուն, Բոլոնյան համակարգի արդյունավետությանը, կրեդիտային համակարգի խնդիրներին, կրթության ոլորտում առաջիկայում իրականացվելիք օրենսդրական փոփոխություններին, որոնց մանրամասն անդրադարձավ եւ հանգամանալից պատասխանեց ԱԺ նախագահը:

Ուսանողներից մեկին հետաքրքրում էր, թե ինչու երեկ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը սահմանադրությանը հակասող ճանաչեց Ցեղասպանությունները` այդ թվում Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատիժ սահմանող օրինագիծը: Պարոն Նիկոյանը ընդգծեց, որ պայքարը համամարդկային արժեքների եւ այլ շահերի մեջ է: Նշելով, որ ցավալի էր մերժումը, պարոն Նիկոյանը ողջունեց Ֆրանսիայի նախագահի` օրինագիծն ընդունելու հարցում հետեւողականությունը: Ըստ ԱԺ նախագահի` յուրաքանչյուր նման նախագիծ շրջանառության մեջ դնելը հնարավորություն է տալիս միջազգային հանրությանը եւս մեկ անգամ անդրադառնալու եւ արծարծելու խնդիրը:

Հանդիպման ավարտից հետո ապագա մանկավարժները լուսանկարվեցին Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի հետ:

http://www.parliament.am/news.php?cat_id=2&NewsID=5067&year=2012&month=02&day=29&lang=arm