ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Աշխարհահռչակ դաշնակահարուհին Մանկավարժականում
06.05.2013
Այսօր Մանկավարժական համալսարանում «Խաչատուր Աբովյան» ոսկե մեդալով պարգևատրվեց աշխարհահռչակ դաշնակահարուհի, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, ՀՀ ժողովրդական արտիստուհի Սվետլանա Նավասարդյանը:
 
Դաշնակահարուհուն ողջունեց Մշակույթի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արկադի Շեկունցը՝ արվեստագետին ներկայացնելով որպես ներկայիս հայ դաշնամուրային արվեստի առաջատարը:
 
Անդրադառնալով նրա ստեղծագործական ուղուն և բազմաթիվ միջազգային ձեռքբերումներին`Արկադի Շեկունցը Սվետլանա Նավասարդյանի ստեղծագործական վառ անհատականության, ինքնատիպ և յուրօրինակ մեկնաբանության ու կատարողական անգերազանցելի վարպետության կողքին ընդգծեց հատկապես նրա հանրագիտակ լինելը:
 
Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիրն իր ստեղծագործական կյանքի ընթացքում կատարել է աշխարհահռչակ կոմպոզիտորների ստեղծագործությունները, որոնց շարքում նրա համար առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Շոպենի ու Մոցարտի գործերը:
 
Աշխարհահռչակ դաշնակահարուհին պրոֆեսորադասխոսական կազմի, երաժշտագետների և ուսանողների հետ հանդիպման ընթացքում կատարեց Շոպենի ստեղծագործություններից մի քանիսը, ապա նախըտրեց իր արվեստի երկրպագուների հետ առավել անմիջական շփումը:
 
Խոսելով անցած ստեղծագործական ուղու մասին՝ Սվետլանա Նավասարդյանը ժպիտով վերհիշեց ուսումնառության տարիները, երբ նրա առջև փակ էին ժամանակին գործող բոլոր երաժշտական դպրոցների դռները. «Իմ կայանալու գործում պարտական եմ ուսուցիչներիս և ծնողներիս՝ հատկապես մաթեմատիկոս ու նաև երգչուհի մայրիկիս, ով հավատում էր երաժշտական ունակություններիս և ակնկալում մեծ ապագա»:
 
Պատասխանելով հանդիսատեսի՝ ապագային վերաբերող հարցերին՝ դաշնակահարն անկեղծացավ. « Արվեստը կյանքի գունավոր անդրադարձն է. կյանքում այնքան իմաստ կա, որքան իմաստ մենք դնում ենք այդ կյանքի մեջ: Ցանկություներս շատ-շատ են, սակայն նոր բարձունքներ գրավելու ձգտումներ այլևս չունեմ»:
 
Բազմաթիվ բեմեր նվաճած, ջերմ ծափողջույնների և բազում մրցանակների արժանացած դաշնակահարուհին հանդիպման ավարտին խոստովանեց՝ չի հաշտվում միայն ծերանալու հետ. կուզենար լինել միշտ և´ երիտասարդ, և´ բեմում: