ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մեկնարկեց «Զինծառայողի կրթական կարիքների գնահատման հետազոտություն եւ կրթական ծրագրերի իրականացում ՀՀ ԶՈՒ զորամասերում» ծրագիրը
11.03.2012

Մարտի 10-ին մեկնարկեց ՀՀ կառավարության «Զինծառայողի կրթական կարիքների գնահատման հետազոտություն եւ կրթական ծրագրերի իրականացում ՀՀ ԶՈՒ զորամասերում» ծրագիրը:

Առաջին դասն անցկացնելու համար Նուբարաշենի զորամաս էին եկել մանկավարժական համալսարանի ասպիրանտներ, մագիստրոսներ և դասախոսներ:
Հայոց լեզու և գրականություն առարկան առաջինն էր դասացուցակում: Բանասիրական ֆակուլտետի դեկան Յուրի Դավթյանը ներկայացրեց 6-ամսյա դասընթացի ուսումնական ծրագիրը: Այնուհետև հարց ու պատասխանի միջոցով ծավալվեց զրույց հայ գրականության տարբեր ժամանակաշրջանանների շուրջ: Զինվորները մեծ ոգևորությամբ արտասանեցին Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը:
Ուսումնական պլանի համաձայն հաջորդ դասը անգլերենն էր: Չնայած զինվորների մի մասը դեռևս չի ճշտել իր կրթական կարիքները, սակայն Անգլերենի դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Տիգրան Միքայելյանն առաջին դասը համարում է կայացած:
Պատմության մասնագետ Հայկ Գրիգորյանն էլ հետաքրքիր է համարում այն, որ չնայած զինվորներից շատերն ունեն բարձրագույն կրթություն, սակայն ցանկություն ունեն վերհիշել անցածն ու խորացված գիտելքիներ ձեռք բերել:
Շարքային Անդրանիկ Պապոյանի սովորելու ձգտումն այնքան մեծ է, որ միաժամանակ ընտրել է մի քանի առարկա:
Առաջին օրվա մասին կարծիքը դրական է.վստահ է հետագա օրերը ևս նույնքան հետաքրքիր են անցնելու: Ասում է, որ ծրագիրը հնարավորություն կտա զորացրվելուց հետո իրենց տեղն ու դերը գտնել հասարակության մեջ, ապա շնորհակալություն հայտնում ընձեռած հնարավորության համար:
Բանասիրական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Հրանտ Սաֆարյանն ուրախ է, որ մասնակցում է այս ծրագրին: Զինվորներին դասավանդելու է հայոց լեզու և գրականություն: Վստահ է` ծրագիրը հաջողություն է ունենալու. «Յուրաքանչյուր ուսանողի համար մեծ պատիվ է հայ զինվորին փոխանցել սեփական գիտելիքները: Այսօր ակնհայտ դարձավ, որ գործ ունենք բարձր իմացություն և գիտակցություն ունեցող զինվորների հետ: Կարծում եմ, որ տեսական և գործնական աշխատանքների միջոցով նրանց մեջ կսերմանենք սերը դեպի ուսումը: Եվ եթե մենք ապագայում չունենանք բուհ ավարտած զինվորներ, ապա կունենանք կիրթ քաղաքացիներ, արժանավոր ամուսիններ, հայրեր»,-ասաց Հրանտ Սաֆարյանը:
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, մանկավարժական համալսարանի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը նույնպես այցելել էր զորմաս: Ընդդիմադիր պատգամավորին կառավարության այս որոշումը հետաքրքրել է ի սկզբանե. պատրաստ է համագործակցել: Ծրագրի հաջողության գրավականը համարում է դրա արդյունավետ կազմակերպումը:
Դիմելով զինվորներին Անահիտ Բախշյանը խորհուրդ տվեց. «Եղեք նախաձեռնողներ և ոչ կատարողներ, ծրագրից քաղեք առավելագույն գիտելիքներ, որը ձեզ կօգնի զորացրվելուց հետ կողմնորոշված մտնել կյանք»:
Նշենք, որ սա փորձնական ծրագիր է, որի նպատակն է զինծառայողների ծառայության վերջին ամիսների ընթացքում ուսումնասիրել նրանց կրթության նկատմամբ հակումներն ու նախասիրությունները, ունակություններն ու կարողությունները, կրթությունը շարունակելու նպատակամղվածությունը: Ծրագրի կրթական բաղադրիչը համակարգում է Հայկական պետական մանկավարժական համալսարանը: