ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կարիերայի կենտրոնի առաջին թրեյնինգը
12.03.2012
Շուրջ մեկ ամիս է, ինչ Մանկավարժական համալսարանի Ռազմավարական կառավարման վարչության կազմում գործում է Կարիերայի կենտրոնը: Այն նպատակ ունի համալսարանի դիմորդներին, ուսումնառողներին, շրջանավարտներին տալ խորհրդատվական, մասնագիտական կողմնորոշում, օգնել նրանց ձևավորել և զարգացնել աշխատաշուկայի արդի պահանջներին անհրաժեշտ կարողություններ:
Այսօր տեղի ունեցավ Կարիերայի կենտրոնի առաջին թրեյնինգը: Բացման խոսքով հանդես եկավ Գիտության և հետբուհական կրթության գծով պրոռեկտոր Արա Երեմյանը: Նա ներկաններին խորհուրդ տվեց լավ յուրացնել մատուցվող նյութը և ըմբռնել սեփական դերակատարումն ու պատասխանատվությունը կենտրոնի աշխատանքներում:
Ռազմավարական կառավարման վարչության պետ Ռիտա Գևորգյանը, ներկայացնելով կենտրոնի նպատակը, խնդիրներն ու գործառույթները, նշեց, որ կենտրոնի ստեղծումը հնարավորություն կտա ապահովել հետադարձ կապը գործատուի հետ և ուսումնասիրել համալսարանի մասնագետների պատրաստման վերաբերյալ գործատուի առաջարկներն ու նկատառումները:
«Կարիերայի կենտրոնը ապագա շրջանավարտներին կզինի այնպիսի գիտելիքներով, հմտություններով և կարողություններով, որոնք ներկայիս դժվար աշխատաշուկայում կհեշտացնեն աշխատանքի որոնման ուղիները»,- ասաց Ռիտա Գևորգյանը, ավելացնելով, որ արդեն հավաքագրվում է ուսանողների տվյալների բազան: Այս գործընթացը կհեշտացնի նրանց աշխատանքով ապահովելը:
Կարիերայի կենտրոնի առաջին թրեյնինգի թեման ինքնագնահատումն էր, որի միջոցով փորձ արվեց գնահատել ու վեր հանել ուսանողների կարիքները, ճշգրտել մասնակիցների ուժեղ կողմերն ու մասնագիտական այն ոլորտները, ուր կարող են դրսևորվել:
Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Սառա Վանյանը սիրով է մասնակցում այսօրվա թրեյնինգին: Հատկապես հետաքրքրական է համարում այն, որ թրեյնինգները հնարավորություն են տալիս բացահայտել այն խմբին, որի հետ աշխատելու է: Վստահ է` կենտրոնի շնորհիվ շատերը կգտնեն փնտրվող աշխատանքը:
Թրեյնինգի որոշ թեմաներին ուղղված վարժանքները կվարեն հոգեբան Մարիամ Մեհրաբյանը և հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ Վահան Սարգսյանը: