ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Բացառիկ համերգ հատուկ կարիքներ ունեցող երեխաների մասնակցությամբ
13.03.2012
Հատուկ կրթության ֆակուլտետի ուսանողական խորհուրդը, համագործակցելով համալսարանի այլ ֆակուլտետների հետ, կազմակերպել էր «Մենք տարբեր ենք, բայց հավասար» խորագրով


համերգ-միջոցառում:
Միջոցառումը սկսվեց տերունական աղոթքով: Դիմելով միջոցառման մասնակից երեխաներին` Գեղամ սարկավագն ասաց. «Սա մի գեղեցիկ նախաձեռնություն է, որով գործի ենք վերածում ձեր նկատմամբ ունեցած մեր սերը, ուշադրությունը` լցնելով ձեր սրտերը խինդով և ուրախությամբ»:
« Մենք տարբեր ենք, բայց հավասար» խորագիրը պատահական չէր ընտրված. իրենց ելույթներով հանդես եկան լսողության, տեսողության և այլ խնդիրներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրների աշակերտները:
Համերգի ընթացքում երեխաները զարմացրին իրենց կատարումներով՝ ժողովրդական երգեր, աշխույժ պարեր, ասմունք:
Նրանց հետ փոխադարձ կապը ժեստերի միջոցով իրականացնում էր Լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի ժեստերի լեզվի ուսուցիչ Զուբեյդա Մելիքյանը:
Վերջինս կոչ արեց հանդիսատեսին՝ ճանաչել, սիրել, ընդառաջ քայլել հատուկ կարիքներ ունեցողներին, հոգեպես հավասարվել նրանց, ընդունել նրանց այնպիսին, ինչպիսին որ կան:

Հատուկ կրթության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Թամարա Գալստյանը կարևորում է նման ձեռնարկները. «Ամիսներ շարունակ պատրաստվել ենք այս միջոցառմանը: Դժվարություններ շատ են եղել, սակայն գիտակցում էինք, որ մեզանից յուրաքանչյուրը շատ անելիքներ ունի հասարակական կյանքում առանձնահատուկ կարիքներով երեխաների ներգրավման գործում»:
«Այս երեխաները ոչ թե սահմանափակ, այլ անսահմանափակ հնարավորություններ ունեն: Նրանք, կանգնելով նույն բեմում մյուսների կողքին, կկոտրեն հասարակության մեջ հատուկ խնդիրներ ունեցող երեխաների նկատմամբ եղած կարծրատիպերը»,- ասաց Հատուկ կրթության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Արմինե Ավագյանը:
Մասնակիցներից Էդիկ Հայրապետյանը ժեստերի լեզվով հանդիսատեսին փոխանցեց համերգից ստացած իր տպավորությունները. «Շատ ոգևորված եմ, զարմացած եմ այսչափ ջերմության համար: Անասելի զգացողություն ունեցա, երբ հանդիսատեսը մեզ ծափահարեց հոտնկայս: Ես հասկացա, որ մարդիկ մեզ սիրում են և մենք էլ ապագա ունենք»:
Միջոցառման ավարտին բոլոր մասնակիցներին հանձնվեցին պատվոգրեր, իսկ աղջիկներին` նաև ծաղիկներ: Հանդիսատեսը հնարավորություն ունեցավ տեսնելու և գնահատելու նաև մասնակիցների ձեռագործ աշխատանքները: