Համալսարանի գիտական խորհրդի հերթական նիստի օրակարգում ընդգրկված էին Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի, Հատուկ կրթության և Սկզբնական կրթության ֆակուլտետների դեկանների ընտրությունը, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ձևավորման կանոնակարգի, համալսարանում տեղեկատվական տեխնոլոգիաների մասին և ընթացիկ այլ հարցեր:
Մինչ օրակարգին անցնելը, համալսարանի գիտական խորհրդի նախագահ, ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը շնորհավորեց ամսվա հեբելյարներ Կառլեն Թոփչյանին, Սաիդա Գյուլմիսարյանին, Սուրեն Իսկանդարյանին, Աելիտա Դոլուխանյանին, Վլադիմիր Մելքոնյանին, Յուրի Բալյանին, Անահիտ Թերզյանին,Վահրամ Հակոբյանին:
Ապա զեկույցներով հանդես եկան դեկանների թեկնածուները, որից հետո կայացավ նրանց ընտրությունը:
Գիտական խորհրդի անդամներին Պրոֆեսորադասախոսական կազմի ձևավորման նոր կանոնակարգը ներկայացրեց ուսումնական և գիտամեթոդական գործունեության համակարգման վարչության պետ, պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը: Կանոնակարգը հաստատվեց միաձայն:
«Տեղեկատվական տենոլոգիանները համալսարանում» թեմայով զեկույցով հանդես եկավ գիտության և հետբուհական աշխատանքների գծով պրոռեկտոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արա Երեմյանը:
Վերջինս ներկայացրեց համալսարանում տեղեկատվական բարձր տեխնոլոգիաների համար պահանջվող տեղեկատվական նոր գործիքների ներդրման ընթացքը: Ըստ Արա Երեմյանի, այդ նոր գործիքներն են` էլեկտրոնային դեկանատ տեղեկատվական և կազմակերպական համակարգը, էլեկտրոնային կառավարում տեղեկատվական կազմակերպական, վարչակառավարչական համակարգը, ռադիոն, հեռուստատեսությունը և համալսարանի wi-fi գոտի դառնալը: Պրոռեկտորը վստահ է`դրանց ներդրումը համալսարանի ամբողջ գործունեությունը կդարձնի կանխատեսելի, կառավարելի և վերահսկելի: