ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ընտրվեցին ֆակուլտետների դեկաններ
14.03.2012
Այսօր հումանիտար գրականության ընթերցասրահում տեղի ունեցավ գիտական խորհրդի հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված էր նաև Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի, Սկզբնական կրթության և Հատուկ կրթության ֆակուլտետների դեկանների ընտրությունը:
Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանն էր, որին առաջադրել էին ֆակուլտետի կառուցվածքում գործող բոլոր ամբիոննները: Վերջինս գիտական խորհրդի անդամներին ներկայացրեց Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի զարգացման հայեցակարգի հիմնական ծրագրային դրույթները:
Դեկանի պաշտոնակատարն իր ելույթում նշեց, որ ֆակուլտետի զարգացման և կրթության որակի բարձրացման համար կարևորում է ֆակուլտետում բարձրորակ պրոֆեսորադասախոսական կազմի ներգրավումը, դասընթացներում տեղեկատվական տեխնոլոգիանների լայնամասշտաբ կիրառումը, բակալավրիատում և մագիստատրատուրայում նոր կրթական չափորոշիչների ներդրումը:
Հաշվի առնելով Պաշտպանության նախարարարության հետ ուսումնական ծրագրերի իրականացումը`Սրբուհի Գևորգյանը կարևորեց նաև ուսանողների ռազմահայրենասիրական դաստիարակությունը:
Օրակարգի հաջորդ հարցը Հատուկ կրթության ֆակուլտետի դեկանի ընտրությունն էր:
Մանկավարժական գիտություների թեկնածու, դոցենտ Արմինե Ավագյանը ևս դեկանի թափուր պաշտոնի միակ թեկնածուն էր: Նա ևս կարևորեց կրթության որակի բարձրացումը համապատասխան ֆակուլտետում:
Առաջնահերթ համարելով հատուկ կարիքներ ունեցող երեխաների ներգրավվածությունը կրթության ոլորտում` դեկանի պաշտոնակատարը նշեց, որ ֆակուլտետը պատրաստվում է նոր պայմանագրեր կնքել ինչպես բժշկական, այնպես էլ հանրակրթական հաստատությունների հետ, հնարավորություն ընձեռել բարձր առաջադիմությամբ ուսանողներին մասնագիտական կրթություն ստանալ արտերկրում:
Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկանի թափուր պաշտոնի միակ հավակնորդը մանկավարժական գիտություների թեկանածու, դոցենտ Հեղինե Խաչատրյանն էր:
Վերջինս ֆակուլտետի զարգացման գլխավոր պայմաններ է համարում մասնագիտության վարկանիշի և հեղինակության բարձրացումը, ինչպես նաև կրթության որակի ապահովումը ժամանակակից կրթական բարեփոխումների զարգացումների համատեքստում:
Հեղինե Խաչատրյանը ելույթը եզրափակեց չինական հայտնի ասույթով. «Ամենաերկար ճանապարհը սկսվում է առաջին քայլից»:
Այնուհետև գիտական խորհրդի անդամները փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեցին ֆակուլտետների դեկաններին:
Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի պաշտոնում ընտրվեց գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը:
Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկանի պաշտոնում ընտրվեց մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Հեղին Խաչատրյանը, իսկ Հատուկ կրթության ֆակուլտետի դեկանի պաշտոնում` մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմինե Ավագյանը: