Մանկավարժական համալսարանի Հատուկ կրթության ֆակուլտետի Հատուկ մանկավարժության կլինիկական հիմունքների և լոգոպեդիայի ամբիոնի 3-րդ կուրսը կազմակերպել էր

լոգոպեդական աշխատանքների ցուցադրություն:
Ցուցադրության էին ներկայացված տարբեր խաղեր` «Հարցերի ամրոցում», «Երիցուկը», «Ս, թե՞ Զ» և այլն, որոնք ուղղված են հնչութային գործընթացների զարգացմանը, սխալ հնչարտաբերման շտկմանը, շնչառության զարգացմանը:
«Լոգոպեդական աշխատանքի դիդակտիկ նյութերի նմանատիպ ցուցադրություն առաջին անգամ է կազմակերպվում համալսարանում: Տրամաբանությունը խթանող տարբեր խաղերի իմացությունը կարևոր է բոլոր մանկավարժների համար. երեխան չի ձանձրանա դասապրոցեսից: Այսպիսի ցուցահանդեսների շնորհիվ ավելի է հեշտանում ուսանողների պրակտիկ գործունեությունը»,-ասաց Լոգոպեդիայի 3-րդ կուրսի ուսանող Լաուրա Բաղդասարյանը:
Ցուցահանդեսին հյուրընկալել էին նաև «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները, որոնք ցանկություն են հայտնել փորձի և գիտելիքների փոխանակման համար համագործակցել պրակտիկ լոգոպեդների հետ:
Լոգոպեդի աշխատանքը կրկնությունների հիման վրա է կատարվում, ուստի երեխայի համար դասապրոցեսը դառնում է ձանձրալի, իսկ տարբեր խաղերի միջոցով անընդհատ կրկնություն պահանջող աշխատանքը կդառնա շատ հետաքրքիր և արդյունավետ. «Նման միջոցառումների դրական կողմերից մեկն այն է, որ ուսանողները հասկանում են իրենց ձեռքերով պատրաստած դիդակտիկ նյութերի կիրառման կարևորությունը լոգոպեդի աշխատանքում»,- ասաց Հատուկ կրթության ֆակուլտետի դեկան Արմինե Ավագյանը:
Ցուցահանդեսի միտքը հղացել է «Դասընթաց ուսանողների համար» ծրագրի շրջանակներում: Նախատեսված էր պատրաստել դիդակտիկ նյութեր, որոնք կարող են կիրառել ոլորտի մասնագետները:
«Շատ կարևոր է, որ ուսանողները մեր մեթոդական աջակցությամբ իրենց ձեռքերով պատրաստեցին բոլոր դիդակտիկ նյութերը: Դրանք դիդակտիկ խաղեր են, որոնք լոգոպեդական աշխատանքը դարձնում են ավելի հետաքրքիր և արդյունավետ: Այն ուսանողին տալիս է իր ապագա մասնագիտության մասին պատկերացում»,- ասաց Հատուկ մանկավարժության կլինիկական հիմունքների և լոգոպեդիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, ցուցահանդեսի կազմակերպիչ Ժաննա Պայլոզյանը :
Աննա Մալխասյանը սովորում է Լոգոպեդիա 3-րդ կուրսում: Նա նույնպես կարևորում է նմանատիպ միջոցառումները: Կարծում է, որ դրանք անհրաժեշտ են բոլոր ապագգա մանկավարժներին, քանի որ հետագայում առնչվելու են խոսքային տարբեր խնդիրներ ունեցող երեխաների հետ: